Հաագայում Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործի քննության շրջանակներում դատարանի առաջ է կանգնել լիբանանյան «Ալ-Ջադիդ» հեռուստատեսության լրագրողուհին, որին մեղադրում են արդարադատությանը խոչընդոտելու և վկաների մասին տեղեկության բացահայտման համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հարիրին ու ևս 22 մարդ զոհվել են 2005 թ. Բեյրութում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով:
Լրագրողը հերքում է մեղադրանքները: Նա BBC-ին ասել է, որ ինքն ընդամնեը պաշտպանել է խոսքի ազատության իրավունքը: «Ես ոչնչից պաշտպանվելու կարիք չունեմ: Ես խոսքի և մամուլի ազատության կողմից եմ»,- ասել է Կարմա Հայաթը:
Հաագայում Լիբանանի հարցերով միջազգային տրիբունալը 2014 թ. հունվարին սկսել է քննել սպանության մասին աղմկոտ գործը:
Գործով մեղադրյալները 4-ն են, բոլորին հեռակա կարգով են դատում: Ենթադրվում է, որ նրանք «Հզբոլլահ» արմատական շիա շարժման կողմնակիցներ են:







































