Ընթացիկ տարում Իրաքի բյուջեի դեֆիցիտը կկազմի 25 մլրդ դոլար: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է այդ երկրի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Հոշիյար Զիբարին:
«Սպասվում է, որ երկրի բյուջեի դեֆիցիտը կկազմի 25 մլրդ դոլար: Միաժամանակ, կառավարությունը որոշում է ընդունել 5 մլրդ դոլարի պետական պարտատոմսեր թողարկել: Ներկայումս մենք համաձայնեցնում ենք բոլոր պայմանները»,- նշել է նա:
Զիբարիի խոսքով՝ երկրի բյուջեն այս տարի հիմնվում է նավթի՝ 1 բարելի դիմաց 56 դոլար գնի վրա: «Իրաքը քննարկում է Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) արտակարգ ֆինանսավորման հայտ ներկայացնելու հնարավորությունը: Օգնության չափը կարող է լինել 400 մլն դոլարից 700 մլն դոլար: Այդ հարցում վերջնական որոշում առայժմ ընդունված չէ,- նշել է նախարարը:- Կարծում եմ՝ ԱՄՀ-ն պատրաստ է ցուցաբերել մեզ այդ աջակցությունը, բայց դրա համար նրանց պետք է, որ կառավարությունն ավելի շատ կրճատի պետական ծախսերը: Դա նրանց նախնական պայմանը չէ, բայց նրանք խորհուրդ են տալիս այդ միջոցը կիրառել ֆինանսական միջոցների ստացման համար»:









































