Հայաստանում քաղաքական իրադարձությունները հիմնականւմ քնննարկվում են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ Հայաստանից գրանցված է շուրջ 395 հազար օգտատեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բլոգեր Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ «Ֆեյսբուք»-ից օգտվում են գրեթե բոլոր քաղաքական գործիչները:
«Հանրությունը չէր ճանաչում էպոսագետին, որը հանկարծ հայտնվեց սոցցանցում և սկսեց ակտիվություն ցուցաբերել, և արդեն նոյեմբերից պարզ էր, որ նախագահական ընտրություններին դնելու է իր թեկնածությունը»,- ասաց նա:
Բանախոսի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը ևս բավականին ակտիվ են իրենց ֆեյսբուքյան էջերում:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանն էլ ասաց, որ դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ֆեյսբուք»-ն օգտագործվեց որպես քաղաքական հարթակ: Նա ներկայացրեց թվեր, թե նախագահի թեկնածուների էջերը որքան դիտումներ ունեն:
Ըստ այդմ, Հրանտ Բագրատյանի պաշտոնական էջն ունի 3000 դիտող, Վ. Սեդրակյանի էջը՝ 5000, Ա. Ղուկասյանինը՝ 2000, Արման Մելիքյանի էջը իր անձնական օգտագործման համար է և ունի 650 ընթերցող, Պարույր Հայրիկյանն ունի 4000 դիտող, իսկ ահա Րաֆֆի Հովհաննիսյանի էջը դիտումների թվով ամենամեծն է՝ 14.350: Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանին, ապա կենտրոնը որևէ տվյալ չտրամադրեց:
Ասուլիսի մյուս բանախոս՝ «Ինտերնյուս» ՀԿ-ից Գեղամ Վարդանյանն ավելացրեց, որ Հայաստանում Twitter-ն այնքան էլ զարգացած չէ, սակայն հույս հայտնեց, որ ապագայում հայ օգտատերերը ևս կընդգրկվեն այս սոցցանցի մեջ:
«Ժառանգություն» կուսակցությունից Ստյոպա Սաֆարյանը, ով «Ֆեյսբուք»-ի ակտիվ օգտատերերից է, կարևորեց սոցցանցերում շփումը և նշեց, որ գրառումների միջոցով հայտնաբերվում են մտածող, հետաքրքիր մարդիկ:












































