«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
– Ապրիլի 24-ին ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Ընդհանրապես որևէ մակարդակով իրավունք ունե՞ր Ռուսաստանը մասնակցելու, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող օրենք ունի:
– Ռուսաստանն այս քայլով հստակ ցույց է տալիս, որ դա իր համար պետական քաղաքականության դրսևորում է՝ կապված աշխարհի կողմից Ռուսաստանին ենթարկած պատժամիջոցների հետ, և ամենակարևորը՝ տնտեսական շահ ունի, որի տակ փորձում է նաև քաղաքականն առաջ մղել՝ Սև ծովի տարածքով գազամուղ հասցնել: Եվ, բնականաբար, եթե Ռուսաստանը հակազդի Թուրքիայի ցանկությանը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու առումով, բնականաբար՝ դա կարող է ունենալ վատ հետևանքներ. սա արվում է միայն այդ նպատակով:
Իսկ եթե Պուտինը Հայաստան չգա, դա մեզ համար՝ որպես ռազմավարական դաշնակցի, իհարկե, ամոթալի փաստ կլինի, առավել ևս, որ Ցեղասպանության հարցում Ռուսաստանի Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին ընդունել է մի բանաձև, որը միակն է իրավական ուժի իմաստով՝ այն տեսանկյունից, որ այդ փաստաթղթում խոսվում է Արևմտյան Հայաստանում՝ հայերի հայրենիքում, տեղի ունեցած Ցեղասպանության մասին: Մնացած բոլոր երկրների խորհրդարանների բանաձևերում նման ձևակերպում չկա, միայն Ռուսաստանի Պետդումայի բանաձևում է նշվում, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել հայերի հայրենիք Արևմտյան Հայաստանում: Այսինքն՝ անհասկանալի կլինի, եթե Պուտինը այդ օրը չայցելի Հայաստան:

– Իսկ եթե վերջին րոպեին, այնուամենայնիվ, Պուտինը չայցելի հիվանդության կամ այլ պատճառաբանությամբ, դա բացասակա՞ն հետևանք կունենա հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքի վրա:
– Դժվարանում եմ ասել, բայց համենայնդեպս՝ եթե Թուրքիա այցը Նարիշկինի մակարդակով է լինելու, նախագահ Պուտինի մակարդակով էլ այցը Հայաստան է նախատեսվում:
– Պարոն Մելքոնյան, Ռուսաստանում և Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել Վատիկանում Հռոմի պապի անցկացրած պատարագը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եվ կարծեք փոխակերպում են Հռոմի պապի ասածները: Սա ի՞նչ վտանգներ է պարունակում իր մեջ:
– Միանգամայն հասկանալի է, մանավանդ Ռուսաստանում կան ստալինյան ուժեր, որոնք հատկապես վատ ընդունեցին ոչ թե Պապի կողմից Ցեղասպանություն բառի արտաբերումը, այլ որ ստալինիզմը համարվեց 20-րդ դարի ամենազազրելի հանցագործություններից մեկը՝ Հայոց ցեղասպանության կողքին: Իհարկե, կան ուժեր, մանավանդ Ռուսաստանում Կոմկուսը բավական ազդեցություն ունի, և դա Ռուսաստանում որոշ ուժերի դժգոհությունն է առաջացրել: Իսկ համարել, որ ռուսական հանրությունը վատ արձագանքեց, ես այդպես չեմ կարծում՝ մանավանդ կան ժողովրդավարական ուժեր, և երբ հետևում ես նրանց կայքէջերին, տեսնում ես, որ նրանց տեսակետները շատ նպաստավոր են և հայամետ: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի ռեակցիային, պաշտոնական շրջանակների հակազդեցությունը, բնականաբար, պետք է լիներ շատ բացասական։ Իսկ թուրք հանրության վերաբերմունքը, մանավանդ այն հատվածի, որ մշտապես շփումների մեջ է Եվրոպայի հետ, բնականաբար՝ շատ ավելի չափավոր և ապաշխարելու իրողությանը հակվածություն դրսևորելու տեսանկյունից օրեցօր ավելի նպաստավոր է դառնում:
– Արդյոք Քիմ Քարդաշյանի ընտանիքի այցը, երգչուհի Շերի թվիթերյան գրառումները, Հռոմի պապի ելույթը մեծ ազդեցություն կարո՞ղ են ունենալ 100-րդ տարելիցի նախօրեին:
– Այո, կարծում եմ՝ բոլոր քայլերը, որոնք արվեցին հայկական կողմից, համենայնդեպս՝ ճանաչման գործընթացին դնում են վերջակետ, այսուհետ ճանաչման գործընթացը փակված է այն տեսանկյունից, որ եթե մեկ միլիարդ 200 միլիոն հետևորդ ունեցող կաթոլիկ հանրության հոգևոր առաջնորդն ասում է, որ եղել է Ցեղասպանություն, դրանից հետո շարունակել ճանաչման գործընթացը, իմ կարծիքով՝ հեռանկարային չէ:
– Պետք է սկսել պահանջատիրությա՞ն գործընթացը:
– Այո, միանշանակ:










































