ՀԱԿ կուսակցության վիճակն այն աստիճան օրհասական է, որ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ստիպված նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Զուրաբյանն իր կողմից տարածված նամակում նկարագրում է «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը և վարչապետին հինգ հարց ուղղում:
Կարևորը նամակի բովանդակությունը չէ կամ դրանում հնչեցված հարցերը, այլ բուն նամակի փաստը: Զուրաբյանը նամակով քննարկում է «Նաիրիտի» շուրջ ստեղծված իրավիճակը, հույս ունենալով, որ Աբրահամյանն իրեն աուդիենցիա կնշանակի, որի ընթացքում հնարավոր կլինի քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ, որովհետև գաղտնի չէ, որ ճգնաժամի մեջ է ոչ միայն «Նաիրտը» և նրա պարապուրդի մատնված կոլեկտիվը, այլ նաև ՀԱԿ-ը իր բոլոր տարածքային կառույցներով: Չնայած նամակում հանդիպման մասին ոչինչ գրված չէ, բայց նամակի և դրա բովանդակության հրապարակայնացումը ցույց է տալիս, որ եթե իշխանություններին հաճո է, ապա ՀԱԿ-ում պատրաստ են հրապարակային հանդիպել վարչապետի հետ:
Սրանից երկու ամիս առաջ փետրվարի 17-ին նախագահ Սերժ Սարգսյանին նամակ էր գրել նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանն էլ Սերժ Սարգսյանին էր առաջարկում իրեն աուդիենցիա նշանակել, որպեսզի քննարկեն Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ ընդունված Համահայկական հռչակագրի խմբագրման հարցը: Սերժ Սարգսյանը մերժեց Լևոն Տեր-Պետրոսյանին, և հիմա իշխանությունների հետ նամակագրության գործը իր վրա է վերցրել Լևոն Զուրաբյանը: Կարելի է ենթադրել, որ եթե Զուրաբյանն էլ ձախողվի այս գործում, ապա հաջորդ նամակը գրելու հերթը հասնելու է Արամ Մանուկյանին, ով նամակ կուղղի կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանին, իսկ հետո նաև ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ, այժմ ՀԱԿ խմբակցության փորձագետ Սամվել Աբրահմյանը նամակով կդիմի կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանին, իհարկե ավելի համեստ պահանջներով և առաջարկներով:
Սա այն նույն Լևոն Զուրաբյանն էր, ով դեռևս մի քանի ամիս առաջ մերժում էր իշխանությունների հետ որևէ շփում, հայտարարելով, որ հանցավոր իշխանություններին պետք է հեռացնել և ոչ թե նրանց ինչ որ հարցեր ուղղել կամ նրանց հետ բանակցել: Նույնիսկ այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը եռյակի անդամ էր և եռյակը որոշել էր 12 կետանոց պահանջագրի հետ կապված հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և քննարկել այդ կետերի կատարման հնարավորության հետ կապված հարցեր, ՀԱԿ-ը չմասնակցեց այդ հանդիպմանը, համարելով որ իրենք արդեն ներկայացրել են իրենց պահանջները, և իշխանությունները կամ պետք է դրանք կատարեն, կամ եթե չկատարեն, ապա հասարակությունը դրանից պետք է հետևություններ անի:
Բայց երկու ամիս առաջվա հետ համեմատությունն այնքան էլ տեղին չէ, քանի որ երկու ամիս առաջ ՀԱԿ-ը ի դեմս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ուներ հզոր ֆինանսական հովանավոր, և կարող էր մերժել իշխանությունների հետ երկխոսության ցանկացած առաջարկ: Հիմա ՀԱԿ-ին սկսել է տանջել ցինգան, քանի որ վիտամինների պակասը սկսել է անդառնալիորեն քայքայել առանց այն էլ ոչ լավ վիճակում գտնվող ՀԱԿ քաղաքական օրգանիզմը: ՀԱԿ-ի ներսում արդեն գիտակցում են, որ մի օր կուսակցությունը կարող է փլուզվել, ինչը թույլ չտալու համար կուսակցության առաջնորդները գնում են այնպիսի զոհողությունների, ինչպիսին հրապարակային խնդրագրերն են:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը ոչ միայն նամակով դիմում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, նա նաև իրեն խիստ պետականամետ է պահում միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ:
Ապրիլի 13-ին ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորի հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար և ԵԽԽՎ-ում Հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը ոչ մի բառ չի արտասանել Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման մասին, ոչ մի խոսք չի ասել քաղաքական դրդապատճառներով ազատազրկված Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ արձակված անտրամաբանորեն խիստ դատավճռի մասին: Ի դեպ, ՀԱԿ-ը Շանթ Հարությունյանին և նրա համախոհներին ճանաչել է քաղբանտարկյալ: Զուրաբյանը չի խոսել Նախախորհրդարանի անդամների ձերբակալությունների և նրանց քաղաքական ազատությունների սահմանափակման մասին: Մինչդեռ, այդ հանդիպումը լավագույն հնարավորություն էր, որպեսզի ՀԱԿ ներկայացուցիչը ցույց տա, որ իրենք պայքարում են Հայաստանում քաղաքական բռնությունների դեմ, և այդ բռնությունների զոհերի իրավունքների համար: Բայց Զուրաբյանը մտածել է, որ իր զուսպ և հավասարակշիռ պահվածքը կարող է գնահատվել իշխանությունների կողմից, որ իշխանությունները ի դեմս ՀԱԿ-ի կարող են տեսնել քաղաքական գործընկերոջ:
Բայց դրա փոխարեն, Լևոն Զուրաբյանը բարձրացնում է «Նաիրիտի» հարցը: Զուրաբյանը գիտի, որ այդ հարցը կապվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անձի հետ, որ «Նաիրիտի» հետ կապված որոշ գործարքներ կնքվել են նրա անմիջական մասնակցությամբ կամ թողտվությամբ: Զուրաբյանին թվում է, որ եթե ինքը բարձրաձայնում է Աբրահամյանի երբեմնի քաղաքական հակառակորդի գործունեության հետ կապվող հարցեր, ապա դրանով շահում է նրա վստահությունը: Լևոն Զուրաբյանը բարձրացնելով «Նաիրիտի» հարցը, ըստ էության, գործարք է առաջարկում վարչապետին, առաջարկում է իր ծառայությունը նրա քաղաքական և այլ կարգի հակառակորդների դեմ պայքարում:
Իսկապես ցավալի է տեսնել ՀԱԿ-ի դեգրադացիան, մի կուսակցություն, որն ընդամենը մի քանի տարի առաջ հասարակությանը առաջարկում էր համակարգային փոփոխություններ, առաջարկում էր նոր որակի իշխանություն ունենալու հնարավորություն, այսօր ուզում է ծառայության մտնել Հովիկ Աբրահամյանի մոտ, իր առօրյա կյանքն ու կենցաղը կազմակերպելու համար: Բայց ինչ կարող ես անել, ինչպես ասում էր կոմունիստական գաղափարախոսության հիմնադիր Կարլ Մարքսը` «Կեցությունն է որոշում գիտակցությունը»:






































