Գագիկ Ծառուկյանի քաղաքական մահվանից և եռյակի փուչիկի գմփոցից հետո հայկական ընդդիմությունը սկսեց նոր պարադիգմի որոնումները: ԲՀԿ-ն կենդանի պահելու վեհերոտ փորձերը, իհարկե, չէին կարող հաջողությամբ պսակվել, և նրա գլխավորած ընդդիմադիրի նմանվող բևեռը առանց ցնցումների հանգեց:
Քանի որ հասարակությունը խորապես հիասթափված է կեղծ մարգարեներից ու կեղծ ընդդիմություններից, ապա նոր առաջացող ու միավորվող ընդդիմությունները փորձում են գտնել այն բաժանարար գիծը, այն փորձաքարը, որը թույլ կտա ճանաչել «կեղծ» ու «իրական», լավ ու վատ ընդդիմությունները, տարանջատել իշխանությունների կողմից ստեղծված ու մանիպուլացվող ընդդիմությունը նրանից, որը հետամուտ է քաղաքացիների շահերին:
Արդեն հնարվել են մի քանի կարգախոսներ, որոնք ենթադրվում է, որ լակմուսի դեր կխաղան ընդդիմությունների համար: Դրանցից ամենապարզունակը ժողովրդավարական բարեփոխումների պահանջ դնելն է: Այս կարգախոսն այնքան կեղծ է, որ անգամ «Օրինաց երկիրն» է խոսում ժողովրդավարության մասին, իսկ Հանրապետականը հանուն ժողովրդավարական բարեփոխումների պատրաստ է անգամ Սահմանադրությունը փոխել: Թերևս այս առումով ժողովրդավարությունն արդեն նմանվել է հայրենասիրության, երբ այդ կարգախոսի տակ կարելի է անել ցանկացած ստորություն:
Թեստային առաջադրանքներից ամենահնչեղը «Սերժիկ, հեռացիր» կարգախոսն արտասանելն է, իշխանափոխության պահանջ դնելը: Այս պահանջն ու կարգախոսը ժամանակին իշխանություններին հասցնում էին հիստերիայի և բերում էին համապատասխան հակառեակցիայի: Մինչդեռ ժամանակի ընթացքում իշխանությունները ոչ միայն իմունիտետ ձեռք բերեցին այս արտահայտությունների հանդեպ, այլև ստեղծեցին այնպիսի քաղաքական իրավիճակ, որ իշխանափոխության պահանջ դնող ուժը հայտնվում է քաղաքական անգրագետի ու պոռոտախոսի վիճակում: Սակայն «Սերժիկ, հեռացիր»-ը այնքան գրավիչ կարգախոս է, որ իշխանություններն իրենց կողմից կառավարվող նոր ընդդիմություններին ոչ միայն չեն արգելում այդ կարգախոսը, այլև առաջարկում են քաղաքական գործունեությունը սկսել հենց դրանով, որպեսզի անմիջապես լուրջ տեսք ստանան, վստահություն ներշնչեն և կողմնակիցներ հավաքեն:
Այստեղ, կարծես, հանգում ենք տրամաբանական հակասության, քանի որ պնդում ենք, թե անմիջապես իշխանափոխություն պահանջող ընդդիմությունները իշխանության ներդրած ականներն են, մինչդեռ, ըստ սահմանման, ընդդիմության անմիջական պարտականությունը հենց իշխանափոխություն իրականացնելն է: Սակայն մեր դեպքում ընդդիմության առաջնային խնդիրը պարզապես կայանալն է: Այս ընդդիմությունը կունենա 2 կարևորագույն դաշնակիցներ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և համաշխարհային տրամաբանությունը:
Անցած տարիների ընթացքում իշխանությունը և նրա տարբեր ընդդիմությունները քաղաքացիներին քաղաքականապես բռնաբարել են, ու հիմա քաղաքացին դարձել է անտարբեր խոստումների ու խոսքի հանդեպ, անգամ «Սերժիկ, հեռացիր»-ի: Հիմա քաղաքացուն կարող ես հրապուրել ու հրապարակ բերել միայն կանխիկ փողով: Բնական է, որ այսպիսի քաղաքացին պարզապես պետք է իր 2-3 ժամվա ներկայությունն ապահովի հրապարակում, նա հեղափոխություն անող չէ: Ընդհանրապես՝ ժամանակն է դադարել հեղափոխության մասին խոսել: Հիմա անհրաժեշտ է հստակ քայլերով հասարակությանը ետ բերել դեպի ընդդիմություն:
Մյուս կողմից՝ այս ողջ ընթացքում մենք գնացել ենք քաղաքակրթության զարգացման տրամաբանությանը հակառակ՝ Ռուսաստանի հետևից: Չարժե նորից գործածել «ժողովրդավարություն» չարչրկված բառը, բայց այս քաղաքականությունն ուղղված է նրան, որ քաղաքացին որքան հնարավոր է հեռացվի կառավարման գործընթացից: Քանի որ քաղաքացին ոչինչ որոշող չէ, այլ որոշողը շեֆն է, ապա քաղաքացին հասկանում է, որ քաղաքական պրոցեսներում իր խառնվելն անիմաստ է: Սա՝ կառավարման ռուսական ձևի մասով:
Բովանդակային առումով իրավիճակն ավելի անհույս է. պարզվում է, որ մեզ մոտ որոշողը ոչ թե մեր նախագահն է, այլ Պուտինը: Այս իրողությունը ամբողջովին ամրապնդում է իշխանությունը, որին, ըստ էության, ձեռնտու է փոխարքայի, գավառապետի կարգավիճակը: Նման պարագայում իշխանություն փոխելը կնշանակի պարզապես փոխել գավառապետին, ինչին իրեն հարգող, քաղաքացիները, խնդիրները ներկայացնող և լուծելու նկրտումներ ունեցող ընդդիմությունը չեն գնա:
Լրացուցիչ կարելի է նշել, որ ռուսականին կպած տնտեսական քաղաքականությունը ոչ լիբերալ է, մոնոպոլիստիկ ու օլիգարխիկ, այսինքն՝ ոչ միայն անհեռանկարային, այլև իր էությամբ հակաարևմտյան: Ռուսականին կպած անվտանգության համակարգը միայն սպառնալիքներ է ստեղծում և ոչ՝ լուծում: Այս ամենը պետք է ստիպի ընդդիմությանը հայացքը հառել դեպի Արևմուտք՝ որպես ժամանակակից քաղաքականության, բարոյականության, տնտեսության և անվտանգության միակ աշխատող համակարգի:
Այսինքն՝ պարզ հարցին, թե ինչ պետք է անի ընդդիմությունը, եթե «Սերժիկ, հեռացիր» գոռալը անիմաստ է, կա հստակ պատասխան՝ պետք է պատրաստի իշխանափոխությունը:










































