Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը երեկ հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Շատ թեմաների շուրջ են խոսել հայ խորհրդարանականները, բայց պարզվում է` ոչ ԲՀԿ-ի և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ իշխանությունների իրականացրած քաղաքական հետապնդումների և բռնաճնշումների մասին:
Մինչդեռ ընդամենը երկու ամիս առաջ խորհրդարանական երկու խմբակցությունների ներկայացուցիչներ նամակ էին գրել տիկին Բրասերին` խնդրելով անհապաղ արձագանքել, որովհետև համոզված էին, որ դատապարտող հայտարարություններով կարելի է կանխել պայթյունավտանգ իրավիճակը և քաոսը:
Փետրվարի 12-ի ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից ընդամենը չորս օր հետո, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նամակ էին հղել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին, որի մեջ նկարագրել էին ԲՀԿ-ի դեմ իշխանությունների կողմից իրականացվող ճնշումները:
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ակնհայտորեն քաղաքական հետապնդում է և բռնաճնշում: Տիկին նախագահ, հուսով ենք և ակնկալում ենք, որ որպես ԵԽԽՎ նախագահ՝ Դուք հրապարակայնորեն կարձագանքեք Հայաստանում աննախադեպ այս իրադարձություններին և զարգացումներին»,- գրել էին նամակի հեղինակները:
Տիկին Բրասերը այնքան էլ էմոցիոնալ չէր պատասխանել նամակի հեղինակներին` ասելով որ ինքը հարցը կբարձրացնի ապրիլին Հայաստան կատարելիք իր այցի ժամանակ: Տիկին Բրասերը երևի ակնարկել էր, որ ինքը այդ հարցը կբարձրացնի, եթե մինչև ապրիլ այն գոյություն ունենա: Իր խոստմանը հավատարիմ` նա ապրիլին եկավ Հայաստան, սակայն պարզվում է, որ այն, ինչի համար իրեն դիմել էին խորհրդարանական երկու խմբակցությունների ներկայացուցիչները` գոյություն չունի:
Գոյություն չունի, որովհետև ոչ ԲՀԿ և ոչ էլ ՀԱԿ խմբակցությունների ներկայացուցիչները տիկին Բրասերի հետ հանդիպման ժամանակ չեն բարձրաձայնել ԲՀԿ-ի դեմ իրականացվող քաղաքական և ֆիզիկական բռնաճնշումների հարցը, որևէ մեկը չի ասել, որ ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի հեղինակները մինչև այժմ չեն բացահայտվել, կամ որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իշխանության ճնշման տակ ստիպված է եղել հրաժարվել կուսակցական և քաղաքական գործունեությունից:
Իհարկե, տիկին Բրասերի համար ավելի ցանկալի է, որ հայ հասարակությանը տեսնի համերաշխության և ոչ թե հակամարտության մթնոլորտում, ավելի հաճելի է, երբ լսում է, որ հայ խորհրդարանականներին ավելի շատ հետաքրքրում է 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության ճանաչման, քան իշխանությունների կողմից այսօր կիրառվող բռնաճնշումների դատապարտման հարցը: Տիկին Բրասերը դա տեսնելով` երևի մտածում է, որ փետրվարի 16-ին ոչ մի հետապնդում կամ բռնաճնշում էլ չի եղել, ուղղակի նամակի հեղինակները, լինելով մի փոքր էմոցիոնալ, փորձել են ցույց տալ, որ Հայաստանում էլ կա բազմակարծություն, որ Հայաստանում էլ կա ընդդիմություն և իշխանություն, և կա պայքար այս երկու ուժերի միջև, որ այդ ամենը այքան էլ կեղծ չէ, որքան փորձում են ներկայացնել որոշ չարախոսներ:
Ի վերջո, Անն Բրասերները կգան ու կգնան, բայց այդ նամակը կմնա պատմության մեջ, և սերունդները կարդալով այն` կհասկանան, որ ինչ-որ ժամանակ Հայաստանը եղել է տիպիկ ժողովրդավարության օրինակ:









































