Սլովակ քաղաքական գործիչ Ֆրանտիշեք Միկլոշկոյի նկատմամբ Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով հետախուզում է հայտարարվել: Trend գործակալության հաղորդմամբ՝ Սլովակիայի քաղաքացու նկատմամբ Ադրբեջանի քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով գործ է հարուցվել: Նրա նկատմամբ հեռակա կարգով որպես խափանման միջոց կալանավորում է սահմանվել: Այս մասին է ասվում երկրի ԱԳՆ-ի և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունում:
Տարածված տվյալների համաձայն՝ «Միկլոշկոն Հայաստանի կողմից զավթված Ադրբեջանի տարածքները միջազգային մակարդակով ճանաչման և անօրինական ռեժիմի ընդունման նպատակներով, հանցավոր պայմանավորվածության գալով մի խումբ անձանց հետ, օտարերկրյա քաղաքացիների այցեր է կազմակերպում այս տարածքներ»:
Հաղորդվում է նաև, որ Երևանում կայացած մամլո կոնֆերանսի ժամանակ Միկլոշկոն այնպիսի հայտարարություններ է արել, ինչպիսին է «խորհրդարանական ընտրությունները (Լեռնային Ղարաբաղում) անկախության յուրահատուկ հանրաքվե են հանդիսանում»: Այս բառերը Բաքվի կողմից որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման կոչեր են ընդունվում:
Լեռնային Ղարաբաղի ընտրությունները նշանակված են 2015 թ. մայիսի 3-ին:










































