Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքի մոնիտորինգ կատարելու նպատակով, ս.թ. ապրիլի 11 և 30ևը “Երևանտրանս” ՓԲԸևի կողմից ուսումնասիրություններ կիրականացվեն ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում։ Աշխատանքներին կամավորության սկզբունքով մասնակցելու ցանկություն են հայտնել Երևանի ճարտարագիտական համալսարանի, Արդյունաբերական քոլեջի և Արհեստագործական հ.1 ուսումնարանի “Ավտոմոբիլային փոխադրումներ”, “Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկում և նորոգում” մասնագիտությունների թվով 60 ուսանողներ։
Ուսումնասիրությունների արդյունքում անհրաժեշտ տեղեկատվություն կհավաքագրվի երթուղիներում շահագործվող շարժակազմերի փաստացի քանակի, արտաքին տեսքի և սանիտարական վիճակի, երթուղիների սպասարկման վիճակի (շարժակազմի քանակ, շարժման միջակայքերի ապահովում և այլն), վարորդների արտաքին տեսքի (արտահագուստ, սափրված լինել և այլն) և նրանց կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ։
Տեղեկատվության վերլուծությունից հնարավոր կլինի պարզել երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մակարդակը, երթուղիների սպասարկման ընդհանուր վիճակը և դրանց հիմքով, օրենքով նախատեսված դեպքերում, կքննարկվի առանձին կազմակերպությունների երթուղու սպասարկման իրավունքից զրկելու, ինչպես նաև հետագայում կայանալիք մրցույթներում նման կազմակերպությունների մասնակցության նպատակահարմարության հարցերը։
Միաժամանակ հավաքագրված տեղեկատվությունը հնարավորություն կտա ձեռնարկել կոնկրետ միջոցառումներ՝ երթուղիների աշխատանքները կանոնավորելու և սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ։











































