ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը Բարբարա Սթրեյզանդին կշնորհի Չապլինի անվան մրցանակ: Այս մասին հաղորդում է մրցանակի հիմնադիր Լինքոլն-կենտրոնի կինեմատոգրաֆիական միության (Film Society of Lincoln Center) կայքը:
Այն մասին, որ Սթրեյզանդը լինելու է մրցանակի դափնեկիր, հաղորդվել էր ավելի վաղ: Մրցանակի հանձնման արարողությունը կայանալու է 2013թ. ապրիլի 22-ին:
Լինքոլն-կենտրոնի կինոհամայնքը մրցանակը հանձնում է 1972թ.: Մրցանակի առաջին դափնեկիրը Չառլի Չապլինն է եղել: Ավելի ուշ մրցանակին արժանացել են Ալֆրեդ Հիչկոկը, Լոուրենս Օլիվյեն, Օդրի Հեփբերնը, Քլինթ Իսթվուդը, Մարտին Սկորսեզեն, Մերիլ Սթրիփը, Թոմ Հենքսը և այլ կինեմատոգրաֆիստներ:
Բիլ Քլինթոնը 2013թ. հունվարի 13-ին մասնակցել է նաև «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը, որի ժամանակ նախկին նախագահը բեմ է բարձրացել՝ հանրությանը Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլն» ֆիլմը ներկայացնելու համար:







































