Այս ընտրարշավն առանձնանում էր նրանով, որ թեկնածուների մի հատվածը քարոզարշավ էր տանում մեկ այլ թեկնածուի դեմ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պատասխանատու Ռուբեն Հակոբյանը: Բանախոսն անդրադառնալով նախագահի մեկ այլ թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկին՝ ասաց. «Հայրիկյանը կարող էր մինչև այդ մասին բարձրաձայնելը խորհրդակցել թեկնածուների հետ, ես կարծում եմ՝ նման բան ասելը ազնիվ չէ»:
Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի համար արգելված վայրերում՝ հիվանդանոցներում քարոզարշավ անցկացնում, ասաց, որ դա քարոզարշավ չէր՝ պարզապես անցնում էր, մտավ:
Իսկ թե ինչու Րաֆֆին չհետաձգեց իր քարոզարշավը, երբ մահափորձ կատարվեց Պարույր Հայրիկյանի նկատմամբ, Ռ. Հակոբյանը նշեց՝ բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ամենից շատ հենց Պարույր Հայրիկյանն է գովազդվել:
ԱԺ պատգամավորից լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է արդյոք, որ «Ժառանգության» անդամները թակել են ՀՀԿ խմբակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի դուռն ու քարոզարշավ անցկացրել, ասաց. «Ճիշտ են արել, որ Գալուստ Սահակյանի դուռն են ծեծել Րաֆֆի Հովհաննիսյանին քարոզելու համար (ծիծաղում է): Բայց քանի որ Գալուստ Սահակյանն է դա ասում, պարզ է, որ հումորի շարքից է»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































