Դերասան Սիլվեստեր Ստալոնեն բրիտանացի ոստիկաններին շնորհակալություն է հայտնել այն անձի ձերբակալության համար, որին կասկածում են համացանց մեծ բյուջեով ֆիլմերի «արտահոսքի» համար, ներառյալ՝ «Անզսպելիները-3»-ը, որում Ստալոնեն գլխավոր դերն է խաղացել: Այս մասին հայտնում է SkyNews-ը:
Հաղորդվում է, որ 26-ամյա տղամարդը ձերբակալվել է իր աշխատավայրում: Հիմա նրան հարցաքննում են ինտելեկտուալ սեփականության պահպանության բաժնի դետեկտիվները:
Ենթադրվում է, որ կասկածյալը հասանելիություն է ունեցել ֆիլմերի որակյալ կրկնօրինակներին, որոնք համացանցում է տեղադրել: Կինոինդուստրիային նրա հասցրած վնասը գնահատվում է միլիոնավոր դոլարներ:
Երբ Ստալոնեն իմացել է ձերբակալության մասին, իր հարցազրույցներից մեկում շնորհակալություն է հայտնել: «Կուզենայի շնորհակալություն հայտնել Լոնդոնի ոստիկանության ինտելեկտուալ սեփականության պահպանության բաժանմունքին ամերիկյան անվտանգության ծառայության հետ համագործակցության և կասկածյալին հայտնաբերելու համար: Կարևոր է ամբողջ աշխարհում հեղինակային իրավունքները պաշտպանել գողությունից»,- ասել է Ստալոնեն:









































