Արդեն երեք օր է, ինչ սկսվել է Մեծ Պահքը: Այն սահմանվել է առաքյալների կողմից, որպեսզի «Չարչարանաց օրերից առաջ քառասուն օր պահեն և ապա նշեն Զատիկը»: «Առաջին լրատվական»-ը փորձեց ճշտել Մեծ Պահքի հետ կապված ազգային պատկերացումները: Մեզ հետ զրույցում ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Սամվել Մկրտչյանն ասաց, որ ավանդական կենցաղում այս ծիսաշարի շատ տարրեր հնագույն ծագում ունեն և առնչվում են հայոց գարնանային Ամանորի հետ. «Կենցաղում Մեծ Պասի առավել տարածված բաղադրիչները առաջին շաբաթվա, Միջինքի և Չարչարանաց շաբաթվա հետ կապված ծեսերն էին»: Մեծ պահքի ընդհանուր տևողությունը 7 շաբաթ է՝ 48 օր: Տարբեր վայրերում Պահքը տարբեր անուններով էին կոչում, Մուսա լեռում՝ Աղունցք, Նոր Նախիջևանում՝ Ախացք, Հարքում՝ Ջոջ Պաս, Արճակում՝ Ճոչ Պաղս: Տարածված էին ակլատիզի հետ կապված ծեսերն ու սովորությունները. «Ողջ պահքի ընթացքում ակլատիզը կախում էին տան երդիկներից, որպեսզի մարդիկ չխախտեն պասի կանոնները: Այն սովորաբար ծերունու տեսք ուներ, որի պարզած թևերից քարեր էին կախված, իսկ միակ ոտքին ամրացված էր սոխի մեջ դրված Մեծ Պասի 7 շաբաթները խորհրդանշող յոթ փետուր: Մարդիկ հավատում էին, որ Պասի վերջին օրը ակլատիզը թռչուն է դառնում և գնում »:
Ազգագրագետն ասաց նաև, որ մարդիկ Պահքի առաջին շաբաթվա ընթացքում իրար բարեմաղթանքներ էին փոխանցում՝ «Շնորհավոր Պաս ըլի, բարով, խերով, դռով, դրկցով ու բարեկամով հասնեք սուրբ-սուրբ Հարության»։ «Մեծ Պասի առաջին հինգշաբթին շատ տեղերում համարվում էր անիծված օր և կանանց արգելվում էր կար անել»,- հավելեց ազգագրագետը: Մարդիկ գլուխները չէին լվանում, որպեսզի մազերի կեսը չթափվի, չէին կտրում եղունգները: Հավատում էին, որ որևէ անզգույշ արարքը կարող է վատ հետևանք ունենալ:











































