Քարդաշյանների ընտանիքը Հովնանյան ընտանիքի կողմից Վահագնի թաղամասում հողատարածք է նվեր ստացել: Այս մասին տեղեկացրել է Հայաստանում գտնվող Քլոե Քարդաշյանը իր ֆեյսբուքյան էջում՝ տեղյակ պահելով մյուս քրոջն ու եղբորը:
Վահագն Հովնանյանը, ով Վահագնի թաղամասի սեփականատերն է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ մեծ ոգևորությամբ նշելով, որ այդ քայլով ցանկություն ունեն Քարդաշյաններին կապել Հայաստանի հետ: «Կուզենք, որ իրենք էլ կապ ունենան Հայաստանի հետ: Ամենաամուր կապը հողի կապն է: Ինչպես որ մարդ կնքվում է մեռոնով, սա էլ մի ուրիշ տեսակ մեռոն է, որն իր ձևով է օրհնում նրանց: Ուզում եմ, որ իրենք հպարտանան, որ հող ունեն Հայաստանում»,- մեզ հետ զրույցում ասաց գործարարը:
Հովնանյանն ասաց, որ Քարդաշյաններին հող նվիրելով՝ ցանկություն չունի նրանց գաղափար տալ, ուղղորդել, որ վերադառնան հայրենիք, պարզապես ցանկանում է, որ նրանք այստեղ տուն կառուցեն ու այստեղ իրենց օտար չզգան: «Նրանք աշխարհահռչակ մարդիկ են, իրենց գալով արդեն այդքան մեծ օգուտ բերեցին երկրին: Դա հրաշալի գաղափար էր, և հիմա ամբողջ աշխարհը գիտի Հայաստանը, և գիտի, որ նրանք կապ ունեն Հայաստանի հետ»,- հավելեց Հովնանյանը:
Բարերար-գործարարը շատ բարձր է գնահատում նաև Քարդաշյանների ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: «Այսօր ես չեմ կարծում, որ մենք այդքան մեծ ներդրում ունենք Ցեղասպանության ճանաչման հարցում, որքան Քարդաշյանները՝ այս երկու օրվա մեջ: Սքանչելի քայլ էր, որ եկան և օգնեցին մեզ»,- ասաց Հովնանյանը:
Հովնանյանը նշեց, որ իրենք հողատարածք են նվիրել և ոչ թե բնակարան, որ Քարդաշյանները իրենց ճաշակով տուն կառուցեն: «Իրենց ուզած տունը կարող են կառուցել»,- եզրափակեց գործարարը։












































