«Իմ աշխատանքում չափազանց կարևոր է իմանալ խորհրդարանական գործընթացների ոլորտում տեղի ունեցած վերջին զագացումների և միջազգային լավագույն փորձի մասին»,-ասում է ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների հարցերով փորձագետ և Հայաստանում երեք ամենախոշոր ազգային փոքրամասնություններից մեկի՝ եզդիների ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը:
Վերջին երեք տարիների ընթացքում դրա համար մի շարք հնարավորություններ է ընձեռել ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագիրը (ՀԱԺԱԾ): ՀԱԺԱԾ-ի Ազգային ժողովի կարողությունների զարգամանն ուղղված մասնագիտական վերապատրաստումների շնորհիվ ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների աշխատակազմը մասնակցել է վերապատրաստումների այնպիսի կարևոր թեմաների շուրջ ինչպիսիք են՝ խորհրդարանական լսումների առավել արդյունավետ կազմակերպում, բյուջետային գործընթաց և գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն, խորհրդարանական վերահսկողության գործիքներ և հնարավորություններ, ծրագրային բյուջետավորում և ծրագրային բյուջետավորման կատարողականության առանցքային ցուցանիշներ: Ինչպես նշում է Սիաբանդ Բաքոյանը դրանք առանցքային նշանակության են, քանի որ գործնական են և ընդգրկում են զարգացած տարբեր երկրների փորձի ներկայացում:
«Այն տեղեկատվությունը, որը մենք ստացել և ստանում ենք այդ վերապատրաստումների շնորհիվ պատրաստակամորեն կիրառում ենք մեր առօրյա աշխատանքում: Կարծում եմ նմանատիպ վերապատրաստումների կարևորությունն ակնհայտ է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների աշխատակազմերի համար», – նշում է Սիաբանդ Բաքոյանը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող 4-ամյա ՀԱԺԱԾ-ը մեկնարկել է 2012թ. սեպտեմբերին և կշարունակի իր աջակցությունը մինչև 2016թ. սեպտեմբերը: Ծրագրի նպատակն է հզորացնել ժողովրդավարական կառավարումը՝ առավել ընդգրկուն դարձնելով Ազգային ժողովի (ԱԺ) ներկայացուցչական, վերահսկողական և վերլուծական կարողությունները:







































