Դոնեցկի օդանավակայանի մոտ «Ան-24»-ի վթարային վայրէջքի հնարավոր պատճառ է դարձել շարժիչի խափանումը,- հայտնում է ITAR-TASS-գործակալությունը:
Շարժիչի չաշխատելու պատճառով ինքնաթիռը չի հայտնվել թռիչքուղում, անիվներով մտել է գրունտի մեջ, շրջվել ու մասերի բաժանվել,- տեղեկացնում է գործակալությունը:
Օդեսա-Դոնեցկ չվերթի ուղևորներից մեկի խոսքերով՝ մարդկանց մի մասը կարողացել է փրկվել ինքնաթիռի ֆյուզելյաժում առաջացած ճեղքի շնորհիվ:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով մահացել է 5 մարդ: Տարբեր տեղեկություններով՝ հոսպիտալացվել է 5-7 մարդ,- հայտնում է RIA Novosti-մ՝ հղում անելով Դոնեցկի մարզի ադմինիստրացիայի մամլո ծառայությանը: Ավելի վաղ ադմինիստրացիայի ղեկավար Անդրեյ Շիշացկին հայտնել էր, որ տուժել է 12 մարդ:
Ընդհանուր առմամբ՝ ինքնաթիռում գտնվել են 36 ուղևոր ու անձնակազմի 8 անդամները:
«Ան-24»-ում հիմնականում եղել են երկրպագուներ, որոնք ծրագրել էին դիտել Չեմպիոնների լիգայի 1/8 խաղը Դոնեցկի «Շախտյորի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ ուղևորների մեծ մասը եղել են Օդեսայի քաղաքային խորհրդի ու Օդեսայի մարզային խորհրդի պետական պաշտոնյաներ: Այդ տեղեկությունը դեռ պաշտոնապես հաստատված չէ:
Մինչ այդ, աաղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտված են, կառավարական հանձնաժողովի անդամները ձեռնամուխ են եղել ապացույցների հավաքմանը:






































