Կառավարությունը բավական լուրջ է տրամադրված համայնքների խոշորացման ծրագրի հարցում: Այս օրերին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարն ու փոխնախարարները, վարչության պետերն ու ծրագրի ղեկավարները գյուղերով ընկած համայնքապետերի, ուսուցիչների և առհասարակ բնակիչների հետ առանձին հանդիպումներ են անցկացնում, համոզում, թե ինչ լավ բան է այս խոշորացումը: Նշում են ծրագրի առավելությունները, թե ինչ կշահի համայնքը խոշորացվելուց:
Հիշեցնենք, որ պիլոտային ծրագրում ընդգրկված են Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերի թվով 22 համայնքներ, որոնք պետք է միավորվեն 3 համայնքում: Համայնքապետերի հետ զրուցելիս տպավորություն է ստեղծվում, որ քարոզչությունն իր խոսքն ասել է, քանի որ եթե նախկինում 3 մարզերի համայնքապետերի մեծ մասը միանշանակ դեմ էին արտահայտվում միավորմանը, ապա այսօր նրանք հնչեցված հարցին պատասխանում են. «Չգիտեմ: Համ լավ կողմեր կան, համ վատ: Թող ժողովուրդն ընտրի»:
Նշենք, որ մայիսի 17-ին վերոնշյալ համայնքների բնակիչներն իրենց խոսքն ասելու են հանրաքվեի միջոցով՝ պատասխանելով հարցին՝ կողմնակի՞ց են, որ իրենց համայնքը միավորվի, թե՞ ոչ: Հանդիպումների ժամանակ գրեթե բոլոր համայնքների բնակիչները նույն հարցն են բարձրացնում իրավասու անձանց առաջ՝ ինչպես են լուծելու իրենց խնդիրները՝ կապված տարբեր տեսակի տեղեկանքների, փաստաթղթերի, համայնքի ղեկավարման հարցերի հետ:
«Իրազեկումները նոր են սկսվել՝ նախարարի այցից հետո: Երեկ էլ ծրագրի ղեկավարն է հանդիպել դպրոցի ուսուցիչների հետ: Քննարկումներ եղան, ու ես հիմա կոնկրետ չեմ կարող ասել, թե ժողովուրդն ինչպես է տրամադրված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանը:
Համայնքապետն անձամբ կարծում է, որ կարևորը համայնքի զարգացումն է: «Եթե պետք է խոշորացում լինի, ինչի արդյունքւոմ համայնքը կունենա ինչ-որ ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան համայնքը զարգացնելու, երիտասարդներին ու երեխաներին համայնքում պահելու, ես դեմ չեմ: Իսկ եթե պետք է մինչ հիմա արվածը մի քայլ հետ գցվի, ապա ցանկացած մարդ դեմ կլինի»,- ասաց նա:
Վերջինս, սակայն, հստակ պատկերացում չունի, թե ինչ կլինի այս փոփոխության արդյունքում՝ մի քայլ առա՞ջ կընկնեն, թե՞ մի քայլ հետ: «Դե, եթե շեշտը դրվում է, որ միայն խոշորացման արդյունքում համայնքներում մեծ ներդրումներ կարվեն, ենթակառուցվածքներ կդրվեն, ապա լավ է: Ու եթե ասվածը ռեալ արվի, ինչու պետք է դեմ լինեմ: Ու ես, քանի որ պետական պաշտոն եմ վարում, իրավունք չունեմ չհավատալու ասվածին»:
Տավուշի մարզի Աղավնավանք համայնքի համայնքապետ Վարդան Գրիգորյանը ևս չգիտեր՝ կողմ է, թե դեմ խոշորացմանը: Հանդիպել են և նախարարի հետ, և փոխնախարարի, ու տպավորություն են ստացել, որ միգուցե խոշորացումն ավելի լավ լինի, քան գործող կարգավիճակը:
«Նորությունը, փոփոխությունը միշտ էլ լավ է: Պետք է որ լավ լինի: Բացասական կողմը կլինեն կրճատումները, բայց կարևորը լուրջ խնդիրների լուծումն է, որոնք այս կարգավիճակում համայնքի բյուջեի հաշվին անլուծելի են»,- ասաց Գրիգորյանը:
Մեր հարցին՝ հավատ ներշնչո՞ւմ են պատկան մարմինների խոստումները, համայնքապետն արձագանքեց: «Դե, իհարկե» (ծիծաղեց) ու ավելացրեց, թե ինչքանով կիրականանան այդ խոստումները՝ չի կարող ասել: «Բայց այնպես չի, որ մարդիկ անտեղյակ են, թե իրենից ինչ է ենթադրում այս փոփոխությունը: Իրազեկումը պատշաճ կատարվում է: Ինչ վերաբերում է մարդկանց արձագանքին, ապա սկզբից մի քիչ լավ չէին պատկերացնում՝ դա ինչ է, դրա համար էլ դեմ էին, իսկ հիմա կարծիքները փոխվել են»,- եզրափակեց Գրիգորյանը:
Լոռու մարզի Լորուտ գյուղի գյուղապետ Հրաչյա Սահակյանը միանշանակ կողմնակից էր խոշորացմանը: Նրա խոսքով՝ համայնքի բնակիչների մի մասը դեմ է, սակայն իրազեկում է իրականացվում, իսկ հանրաքվեն ցույց կտա արդյունքները: «Մենք մասնատված համայնքներ ենք, փոքր բյուջեով, ոչ մի գործ չենք կարողանում անել: Իսկ կենտրոնացված բյուջեի դեպքում ամեն տարի մի գործ կանեն՝ կերևա: Լավ ա»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ խոշորացմանը դեմ բնակիչների հիմնական մտավախությունը կապված է տեղեկանքների ստացման հետ:
Լոռու մարզի մեկ այլ՝ Մարցի համայնքապետն ասաց, որ իր համայնքում ևս կարծիքները տարբեր են, բայց մեծ խոչընդոտ չկա խոշորացման համար: Ինքը՝ համայնքապետը, կարծում է, որ խոշորացման դեպքում համայնքը երկրորդ պլան կմղվի ու անուշադրության կմատնվի: «Եթե անմիջապես համայնքի ղեկավարը չլինի, խնդիրներ կառաջանան: Իսկ խոշորացման դեպքում կենտրոնացված մարմնից մինչև հասնեն համայնք, խնդիրներ կլինեն ու կտուժեն: Բացի այդ, աշխատատեղերի կրճատումներ կլինեն: Աշխատակազմը կկրճատվի, և կմնա 1 հոգի՝ որպես ներկայացուցիչ, ինչն արդեն խնդիր է»,- ասաց Ռոբերտ Գալստյանը:
Նշենք, որ խոշորացման արդյունքում համայնքում համայնքապետարանը շարունակելու է գործել, և համայնքը ունենալու է վարչական ներկայացուցիչ, որը և կլուծի համայնքի բնակիչների առաջնահերթ խնդիրները՝ կապված տեղեկանքների և այլ հարցերի հետ:











































