Գիտնականները հայտարարել են, որ եթե տարեցները փորձեն կրճատել նստած կամ պառկած անցկացվող ժամանակը առնվազն կես ժամով, ապա նրանց առողջությունը զգալիորեն կբարելավվի: Ուսումնասիրողների աշխատանքի մասին պատմող հոդվածը հրապարակվել է Health Education & Behavior ամսագրում:
Մասնագետների ուսումնասիրության համաձայն՝ տարեցներն օրական միջինը 8,5 ժամ նստած կամ պառկած են անցկացնում: Ֆիզիկական ակտիվության պակասի պատճառով նրանց մոտ ճարպակալում է առաջանում, սրտի նոպաներ են լինում: Գիտնականները փորձ են անցկացրել, որին 60 տարեկանից բարձր մարդիկ են մասնակցել: Ութ շաբաթ շարունակ ուսումնասիրողները նրանց զանգահարել են օրական հինգ անգամ և փորձել նրանց ակտիվ գործողությունների դրդել:
Աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ փորձի մասնակիցներին հաջողվել է օրական 27 րոպեով երկարացնել ակտիվ ֆիզիկական գործողությունները: Փորձին մասնակից կամավորների կարծիքով՝ նույնիսկ ֆիզիկական ակտիվության չնչին ավելացումը բարելավում է մարդկանց առողջությունը. մարդիկ սկսում են ավելի արագ քայլել, ավելի լավ են կատարում տան հետ կապված աշխատանքները, և նրանց տրամադրությունը զգալիորեն փոխվում է:








































