Աբստրակտ նկարչուհի Արմենուհի Մարտիրոսյանը, հետևելով ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավին, թեկնածուների ելույթներին, եկել է այն համոզման, որ Հայաստանի նախագահը չպետք է հայ լինի: Նրա կարծիքով՝ որևէ եվրոպացի մեր երկիրն այս վիճակից ավելի լավ դուրս կբերի:
«Հետևում եմ նախընտրական քարոզչությանն ու զգում եմ, որ իմ մեջ վախ կա: Լսում ես, ուզում ես հավատալ, բայց վախենում ես հավատալ: Ահավոր բան է, երբ ժողովուրդը վախենում է ինչ-որ մեկին հավատալ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է նա:
Ըստ նկարչուհու՝ «Հացի խնդիր ունեցող ժողովուրդը կարող է պար գալ այնտեղ, որտեղ ծափ են տալիս… սպանել են ժողովրդի ես-ը: …Հայաստանում միտումնավոր ոչնչացվում է մարդու միտքը: Մարդիկ մահացել են, ու իրենց թվում է, թե իրենք չեն մահացել: Փողոցով քայլում ես՝ նայում են քեզ ու չեն տեսնում, անցնում են վրայովդ, որովհետև իրենց ուղեղն ահավոր մտազբաղ է, քեզ չեն նկատում: Սպիտակ ջարդը պատերազմից սոսկալի բան է: Հազարավոր երիտասարդ ընտանիքներ գիտեմ, որոնք երեխա չեն ունենում միայն նրա համար, որ ապագայում չեն կարող պահել: Հայաստանի ընտանիքներում, եթե երկրորդ երեխան ծնվում է, ապա դա հրաշք է: Ընտանիքները կրճատվում են: Սերունդը կտրվում է: ժամանակին երկու երեխա ունեցողներին ծաղրում էին, որովհետև 4-5 երեխա էին ունենում: Հասկանո՞ւմ եք՝ մենք հիմա վերացնում ենք մեր ապագան: Չի ծնվում այն երիտասարդությունը, որը 15-20 տարի հետո պիտի լինի»,- ասում է Ա. Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ մեր իրականության մեջ մարդիկ ապրում են այբուբենի «չ» տառով՝ չեն կարողանում ապրել, չի ստացվում ապրել, չի լինում ու չեն ուզում Հայաստանում ապրել:











































