«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
– Պարո՛ն Ջհանգիրյան, Ձեր կարծիքով օրինակա՞ն էր գազի դիմաց ռուսական կողմի նկատմամբ կուտակած 300 միլիոն դոլար պարտքի համար «ՀայՌուսգազարդ»-ում կառավարության 20 տոկոս բաժնեմասի փոխանցումը:
– Իմ համոզմամբ` այդ ամբողջ գործընթացը եղել է հակասահմանադրական և հակաօրինական: Ինչ-ինչ պատճառներով ամբողջ Ազգային ժողովին մեկուսացրել էին այդ գործընթացից: ԱԺ-ն իրեն վերապահված լիազորությունները չէր իրականացրել:
– Եթե գործարքն օրինական ճանապարհով տեղի ունենար, ի՞նչ գործընթացներ պետք է իրականացվեին:
– Այդ վաճառքի խնդիրը պետք է բերեին ԱԺ, լրացում կատարեին սեփականաշնորհվող օբյեկտների ցանկում, խորհրդարանը տար իր համաձայնությունը, աուդիտ նշանակեին, գնահատեին, հանեին բաց աճուրդի, փակ աճուրդի, միջազգային աճուրդի, ներքին աճուրդի: Չի պահպանվել այս կարգը, վաճառվել է` առանց այդ օրենսդրական ընթացակարգերը պահպանելու, և դրա համար էլ ասում եմ, որ ապօրինի է: Ուղղակի ԱԺ-ն վերջում է վավերացրել այդ պայմանագիրը՝ որպես արդեն միջպետական պայմանագիր:
– Այսինքն` եթե գործող իշխանությունները կամ հաջորդ իշխանությունները ցանկանան այդ գործարքը չեղյալ հայտարարել, դրա համար կա՞ն բոլոր հիմքերը:
– Միջպետական պայմանագրերի կնքման, չեղարկման կարգ է գործում: Ցանկացած իշխանություն ունի այդ հնարավորությունը: Պետք է ցանկանան անել:







































