Կալիֆոռնիայի մերձափնյա ջրերում շարունակում են զանգվածաբար սատկել ծովառյուծների երիտասարդ սերունդները: Los Angeles Times թերթի հաղորդմամբ՝ ընթացիկ տարվա առաջին 3 ամիսներին ավելի քան 2000 հիվանդ կենդանի է նահանգի ափ նետվել:
«Դրանք հիմնականում ծովառյուծների 7 ամսական ձագեր են: Նրանք թուլացել են սննդի անբավարարության և ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով»,- նշում է պարբերականը: Ակտիվիստները թույլ կենդանիներին տանում են հատուկ վերականգնողական կենտրոններ:
Գիտնականները մինչ օրս չեն կարողանում պարզել համաճարակի պատճառները, որը ծովառյուծների շրջանում սկսվել է մի քանի տարի առաջ: «Մի շարք մասնագետներ կարծում են, որ կենդանիները չեն կարողանում բավականաչափ սնունդ գտնել Խաղաղ օվկիանոսի ջրերի տաքացման պատճառով,- գրում է թերթը:- Ավանդաբար ԱՄՆ արևմտյան ափամերձ շրջանի մոտով անցնող սառը հոսանքները նպաստել են, որ ձուկը նախընտրել է մնալ վերին և արևով տաքացվող շերտերում: Սակայն հիմա ջրի ջերմաստիճանը բարձրանում է, իսկ դրա հետ միաժամանակ ձուկը խորք է գնում, որտեղ ծովառյուծների համար դժվար է նրան որսալ»:
Սրա հետևանքն այն փաստն է, որ ծովառյուծների էգերն արդեն ի վիճակի չեն լիարժեք կերակրել սերնդին: Սովորաբար նրանց ձագերը մայրական կաթով են սնվում մինչև 11 ամսականը:











































