ՀՀ կառավարությունը մինչև Ազգային ժողովի հաջորդ քառօրյա նիստերը՝ փետրվարի 25-28-ը, Ազգային ժողով կներկայացնի «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նոր տարբերակ, որով մեղմացվելու են այս տարվա սկզբից ուժի մեջ մտած ատամնաբուժական ոլորտի վերաբերյալ հարկային փոփոխությունները: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գարեգին Նուշիկյանը:
Հիշեցնենք, որ այդ փոփոխություններով մինչև 3 բազկաթոռ ունեցող ատամնաբուժարանները ստիպված են յուրաքանչյուր բազկաթոռի համար վճարել 60-100 հզ. դրամ, 3-ից ավելի ատամնաբուժական բազկաթոռ օգտագործողները՝ 48 հազ. դրամ:
«Դեռ 2 շաբաթ առաջ ԱԺ տնտեսական հանձնաժողովում մասնագետների հետ քննարկում եղավ, որոշ հարցերի շուրջ ընդհանուր համաձայնություն ձեռք բերվեց և որոշ ժամանակից հարցը կլուծվի: Վերջնական տարբերակը պետք է կառավարությունը ներկայացնի: Որոշակի նվազեցում սպասվում է, մասնավորապես՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգների ուսումնական կլինիկան հարկերից ազատվում է, ռենտգեն ապարատների վրայից կհանվեն և այլն»,- ասաց Գ. Նուշիկյանը:
Հարցին՝ հաշվի առնելով ոլորտում մեծ ստվերայնությունը՝ մեղմացումները համարժե՞ք կլինեն, Գ. Նուշիկյանը պատասխանեց, որ չափորոշիչները շատ դժվար է սահմանելը, և այժմ կարևորն այն է, որ հարցն ատամնաբույժների հետ համաձայնեցվել է:








































