Թուրքիայում գործող քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համամասնական ցուցակներով Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրություններին մասնակցելու է երկու հայ թեկնածու: Ընդդիմադիր քաղաքական ուժն ապրիլի 6-ին հրապարակել է իր համամասնական ցուցակները: Ըստ այդմ, Ստամբուլի երրորդ ընտրատարածքում պայքարելու է Կարո Փայլանը, ով երկրորդն է կուսակցության ցուցակում: Իսկ ահա Ստամբուլի առաջին ընտրատարածքում թեկնածու է առաջադրվել Մուրադ Մըհչըն, ով 12-րդն է իր կուսակցության ցուցակում:
Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից, բացի վերոնշյալ երկու թեկնածուներից, ևս հինգ «թեկնածության թեկնածու» կար։ Խոսքը կուսակցության Սասունի շրջանի Աջար գյուղի հայկական միության նախագահ և Մուշի հայկական միության երկրորդ նախագահ, ուսուցիչ Ֆիքրի Չալըշի, նախորդ ՏԻՄ ընտրություններին ԺԴԿ-ից մասնակցած Նվարդ Բաքըրջըօղլուի, Մարդին նահանգի Դերիկ շրջանի բնակիչ Զաքարիա Սաբունջուի, Ֆիլոր Ուլուքի և Դիրեն Ջևահիր Շենի մասին է։ Նրանք, սակայն, չեն ընդգրկվել կուսակցության համամասնական ցուցակներում:
Այսպիսով, արդեն հայտնի է, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առնվազն 4 հայ թեկնածու, բոլորն էլ պայքարելու են Ստամբուլում: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայ լրագրող, գրող Մարգար Եսայանի, իսկ ընդդիմադիր քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը Սելինա Օզուզուն Դողանի թեկնածություններն են առաջադրել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրությունները նախանշված են հունիսի 7-ին:









































