Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին հաջորդած զարգացումներում, այն բանից հետո, երբ Հայրիկյանը առաջ քաշեց ռուսական իմպերիալիզմի և խորհրդային ԿԳԲ-ի վարկածը, նշմարվեց հետաքրքրական մի առանձնահատկություն, որը Հայաստանի քաղաքական դաշտին բնորոշ է եղել անցած բոլոր տարիների ընթացքում: Դա որևէ ճակատագրական կամ վճռական պահին պատասխանատվությունից խուսափելն է:
Ընդ որում` խոսքը հենց կոնկրետ անձնական կամ անվանական պատասխանատվության մասին չէ, այլ նույնիսկ պատասխանատվության մթնոլորտի մասին: Այսինքն` քաղաքական ուժերը վախենում են անգամ հայտնվել պատասխանատվության մթնոլորտում, եթե անգամ իրենցից անմիջականորեն որևէ պատասխանատու քայլ տվյալ պահին չի պահանջվում: Միևնույն է` նրանք կարծես սարսափում են այդ վիճակից, քանի որ վստահ են, որ մթնոլորտը վաղ թե ուշ բերելու է նաև պատասխանատվության իրենց հերթը, իսկ դա հայաստանյան քաղաքական ուժերին պետք չէ: Այդ առանձնահատկությունը արտահայտիչ կերպով դրսևորվեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից և նրա առաջ քաշած վարկածից հետո: Տեղի ունեցավ մի հետաքրքիր բան՝ իշխանությունը սկսեց լռելյայն հաստատել նրա վարկածը: Համենայնդեպս, իշխանությունը առաջինը չփորձեց հերքել այն, շեղել թիրախը ռուսական կամ խորհրդային ուղղությունից: Իշխանությունը նույնիսկ ինչ-որ առումով օգնեց Հայրիկյանին խաղարկել դա:
Առաջին հերքողները եղան, այսպես ասած, ոչ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները, որոնք, ի դեմս տարբեր կուսակցությունների գործիչների, ռուսական իմպերիալիզմի հետքի մասին Հայրիկյանի հայտարարություններին ի պատասխան, սկսեցին հեգնել, ծաղրել, հերքել այդ հնարավորությունը: Կար տարբերակ ոչինչ չասելու, չմեկնաբանելու: Որևէ մեկն այդ ուժերից չէր պահանջում կանգնել և հայտարարել, թե Հայրիկյանը ճիշտ է ասում: Հայրիկյանը ասաց այն, ինչ հարկ համարեց ասել, կամ ինչը պարզապես նրա համոզմունքն էր, միգուցե ինֆորմացիան: Տվյալ դեպքում կարևոր չէ՝ դա Հայրիկյանի որոշումն էր, և նա ասաց այն, ինչ ասաց՝ հրապարակավ ստանձնելով դրա համար պատասխանատվություն:
Նա առաջ քաշեց միակ կոնկրետ քաղաքական վարկածը, որը հաստատելու պարտավորություն ոչ ոք չուներ: Որևէ այլ կուսակցություն՝ նախագահական ընտրություններին թեկնածուով մասնակցող կամ չմասնակցող, պարտավորված չէր գալ և հրապարակավ հայտարարել, որ Հայրիկյանը ճիշտ է ասում, որ պետք է քննարկել, որ դա վարկածներից մեկը կարող է լինել և այլն: Կար շատ պարզ ձև՝ չմեկնաբանել Պարույր Հայրիկյանի վարկածն ու ընդամենը հայտարարել պաշտոնական բացահայտման սպասելու մասին: Բայց եղան մեկնաբանություններ, հեգնական, ծաղրական մեկնաբանություններ, իսկ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը նույնիսկ հայտարարեց, թե` արա դուք ով եք, որ ձեր վրա կրակեն:
Ինչո՞ւ Հայաստանի քաղաքական դասը շտապեց հեգնանքի ու ծաղրի վերածել Հայրիկյանի առաջ քաշած կոնկրետ վարկածը: Կա տարբերակ, այսինքն` կա տեսակետ, որ այդ ամենը կատարում էին հենց նրանք, ովքեր ԿԳԲ-ի գործակալ են և այսպես ասած` համընդհանուր շահից ելնելով պետք է անեին հենց դա: Սա, իհարկե, կոնսպիրոլոգիական տեսակետին մոտ է, քանի որ ընդամենը տարբեր գործիչների կամ անհատների ենթադրությունների, վերլուծությունների արդյունք է՝ գոնե առայժմ չկան կոնկրետ փաստեր, որոնք կհաստատեն գործակալության հանգամանքը:
Այստեղ, սակայն, կա մեկ այլ խնդիր: Հենց պատասխանատվության խնդիրը: Հայրիկյանը մահափորձից հետո քաշեց մի գիծ, որից այն կողմ արդեն հստակ պատասխանատվության մթնոլորտ էր ձևավորվում: Միակ պատասխանատուն այդտեղ առժամանակ կամ դեռևս միայն Հայրիկյանն էր: Առաջին օրերի լռությամբ որոշակի պատասխանատվություն էլ իր վրա վերցրեց իշխանությունը: Մնացյալ քաղաքական ուժերը կանգնեցին բավական բարդ երկընտրանքի առաջ՝ կամ մնալ պատասխանատվության մթնոլորտից դուրս, ինչը մարգինալացման հերթական ալիքն էր անցկացնելու նրանց վրայով, կամ հայտնվել պատասխանատվության գծից այն կողմ և մտածել հետագա զարգացումներում որևէ պատասխանատվություն ստանձնելու մասին: Երկու դեպքում էլ հեռանկարը բարդ է, քանի որ այդ ուժերի գոյության գաղտնիքն ու գրավականը մինչ այդ եղել է հենց այն, որ նրանք կարողացել են կոլեկտիվ կերպով խուսափել անհատական պատասխանատվության մթնոլորտի ձևավորումից:
Այլընտրանքը մնում էր մեկը՝ փորձել խուսափել ևս մեկ անգամ: Եվ Հայրիկյանի առաջ քաշած վարկածին անմիջապես ակտիվ հակադրվելը՝ շահագրգիռ կողմին վայել պահվածքով, հենց այդ այլընտրանքի կամ երրորդ տարբերակի դրսևորումն էր: Հայաստանի քաղաքական ուժերը, ըստ էության, ստանձնեցին ռուսական իմպերիալիզմի և խորհրդային ԿԳԲ-ի պաշտպանի թեկուզ անուղղակի, բայց շատ անմիջական և օպերատիվ դերակատարումը` արագորեն ջնջելով այն գիծը, որ փորձել էր քաշել Հայրիկյանը, և ցույց տալով, որ իրենք Հայաստանում թույլ կտան քաշել միայն մի գիծ, որն արդեն լավ ծանոթ է Հայաստանի հասարակությանը:
Հայրիկյանական ամբողջ պատմության մեջ դա, թերևս, ամենաառանցքային բաղադրիչներից մեկը հանդիսացավ` լավագույնս բնորոշելով Հայաստանում առկա հասարակական-քաղաքական վիճակը կամ ավելի շուտ այդ վիճակի բացակայությունը: Այն, ինչ առկա է Հայաստանում, մեղմ ասած, չափազանցություն է բնորոշել հասարակական և դեռ մի բան էլ` քաղաքական:










































