Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, խոսելով նախորդ տարվա աշխատանքներից, առաջին հերթին կարևորեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց՝ Երևանի քաղաքապետն արդեն իրավասու է անբարեխիղճ գովազդատուներին, գովազդ արտադրողներին և գովազդակիրերին ենթարկել վարչական պատասխանատվության: Նախորդ տարի գովազդի տուրքերից համայնքային բյուջե է մուտքագրվել մեկ մլրդ 467.5 մլն դրամ: Պլանավորվել է այս տարի այդ ցուցանիշը գերազանցել 7 տոկոսով` միաժամանակ դրանում ներառելով բազմաբնակարան շենքերի չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները: Բացի այդ, Արազ Բաղդասարյանն առանձնացրեց նախորդ տարի սկսված և այս տարի շարունակվող գովազդային դաշտի արդիականացման քաղաքականությանն ուղղված մի շարք միջոցառումներ:
Նախորդ տարի կառուցվել են 7 վերգետնյա անցումներ, այս տարի նույնպես նախատեսվել է կառուցել 7-8 վերգետնյա անցում, ինչպես նաև ներդնել էլեկտրոնային չվացուցակների համակարգ:
Նա հավելեց, որ սա կառուցվել է մասնավորի միջոցներով՝ առանց քաղաքային բյուջեն ծանրաբեռնելու, և մոտավորապես 500 միլիոն դրամի աշխատանքներ են կատարվել:
Նա անդրադարձավ նախորդ տարի քաղաքում տեղադրված և մեծ աղմուկ հանած արձանների ինստալյացիաներին, որոնց նպատակը, նրա խոսքով, մեկն էր` պրոպագանդել, կրթել, դաստիարակել մարդկանց: «Քաղաքային բյուջեից որևէ գումար չի ծախսվել այս ինստալյացիաների վրա. այդ գումարները քաղաքապետարանի գործընկերներն են հատկացրել»,- ասաց նա` հավելելով, որ ինստալյացիաների համար նորից քաղաքային բյուջեից գումար չի ծախսվելու: Նա նշեց, որ եղանակները տաքանալու հետ մեկտեղ այդ ինստալյացիաները կնվիրաբերվեն համապատասխան կառույցներին:
Քաղաքի ձևավորման գործընթացի մաս են կազմում նաև Երևան քաղաքում ծածանվող ՀՀ դրոշները, ինչը քաղաքային իշխանության որդեգրած քաղաքականությունն է:
«Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ արդյոք ինստալյացիաները պատրա՞ստ են թանգարանները վերցնել, թե՞ դրանք մեծ արժեք չեն ներկայացնում: Արազ Բաղդասարյանը նշեց, որ բոլորը մեծ սիրով համաձայնվել են ընդունել: Հետաքրքրվեցինք` ո՞ւմ նախաձեռնությունն էր քաղաքում նման ինստալյացիաներ տեղադրելը. «Սա թիմային աշխատանք է՝ արտաքին ձևավորման և գովազդի վարչության ու նաև՝ մշակույթի վարչության որոշումն էր»:
Մեր դիտարկմանը` քաղաքի մեծ կլոր գովազդային հարթակները, ըստ շրջանառվող լուրերի, քաղաքապետին են պատկանում, արձագանքեց. «Եթե ինձ եք հարցնում՝ ոչ, Տարոն Մարգարյանին ոչ մի գովազդային հարթակ չի պատկանում»՝ հավելելով, որ Կենտրոնի և Արաբկիրի վարչական շրջաններում տեղադրված են գովազդային վահանակներ, որոնք տարբեր կազմակերպությունների են պատկանում: Տեղադրված են մոտավորապես 14 գովազդային վահանակներ, կտեղադրվեն ևս 15-ը. արդեն որոշումն ընդունվել է:









































