Թուրքիայի իշխանությունները դպրոցի ուսուցիչ Չիլեմ Ջոշքունին մեղադրում են սոցիալական արժեքները վիրավորելու համար այն բանից հետո, երբ նա իր աշակերտների հետ դպրոցի բակում ձնեմարդ է պատրաստել: Այս մասին հայտնում է Vatan թերթը:
Քահրամանմարաշ նահանգի կրթության համակարգի պաշտոնյաները, որոնք նախաձեռնել են քննությունը, չեն նշում, թե հատկապես ինչով է ուսուցիչը վիրավորել սոցիալական արժեքները: Ինքը Ջոշքունը ենթադրում է, որ հետաքննության հնարավոր պատճառը ձնեմարդու մերկ կրծքավանդակն ու որովայնն են:
Կրթության ոլորտի աշխատողների արհմիության տեղի բաժինը դատապարտել է Ջոշքունի նկատմամբ հետաքննությունը՝ այն կապելով վերջերս Թուրքիայի հյուսիսարևմտյան Յալովա նահանգում կատարված դեպքի հետ, որտեղ ուսուցիչների շրջանում մրցույթի դափնեկիր Հալիլ Օզը մահացել է սրտի նոպայից «ուսուցչին ոչ հարիր երկար մազերի, մորուքի և հագուստի համար» նահանգի ղեկավարից նկատողություն ստանալուց կարճ ժամանակ հետո:
«Այդ երկու դեպքերը խավարամոլության դրսևորում են»,- ասվում է ուսուցիչների արհմիության հայտարարության մեջ:











































