«Վեստի 24» ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ճիշտ որոշում է կայացրել՝ անդամակցելով ԵՏՄ-ին: Այս հայտարարությունը փաստորեն զուգորդվել է Հայաստանում իշխանությունների, այսպես ասած, ներքաղաքական օպերացիայի հետ՝ Հիմնադիր խորհրդարանի դեմ:
Ակնհայտ է, որ վերջին ամիսների Հայաստանի իշխանությունների գործողություններում զգալի տեղ է սկսել զբաղեցնել կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ վերսկսել զբաղեցնել ուժային կոմպոնենտը: Մի քանի տարի շարունակ այս կոմպոնենտը զգալիորեն թուլացրել էր իր ներկայությունը կամ առնվազն «նախահարձակ» չէր՝ այն իմաստով, որ իշխանական ուժային մեքենան իր գործը սկսում էր տարբեր ակցիաների և հանրահավաքների ժամանակ: Սակայն վերջին ամիսներին ակնհայտ է, որ այն ստացել է, այսպես ասած, «կանխարգելիչ» բնույթ, և սրան մենք ոչ միայն Հիմնադիր խորհրդարանի դեպքում ենք ականատես լինում, այլև ականատես եղանք, օրինակ, Գագիկ Ծառուկյանի պարագայում:
Ընդհանուր առմամբ իշխանությունների այս մարտավարությունը հասկանալի է՝ այն իմաստով, որ առկա զինանոցը մնացյալ մասով լիովին դատարկ է, և Սերժ Սարգսյանը հաշվարկում է, որ եթե թույլ տա իրադարձությունների ծավալում, ապա հետո կարող է և բախվել անգամ ուժային մեքենայի խափանման հետ:
Խնդիրն այն է, որ հասարակական դժգոհությունն առկա վիճակից լիովին արտացոլվում է նաև ուժային կառույցներում, և չնայած սրանք իրենց բնույթով խիստ պահպանողական են, և այստեղ, այսպես ասած, անհնազանդության դրսևորումները զրոյական են, սակայն երբ իրավիճակը կհանգի կրիտիկական իրողությունների, ուժայինների վարքն արդեն կարող է անկանխատեսելի դառնալ:
Սրանից զատ՝ իրավիճակի սոցիալ-տնտեսական աղետալիությունը հասարակության մեջ դժգոհության ալիքը հասցրել է այնպիսի աստիճանի, որ այլևս մի կողմ են դրվում ցանկացած գաղափարական տարբերություններ, և կրիտիկական պահին հասարակությունը կաջակցի առաջին գծում հայտնված՝ խոսքը ներքաղաքական առաջին գծի մասին է, ցանկացած ուժի:
Այս իրողությունները Սերժ Սարգսյանին ստիպում են գնալ «կանխարգելիչ» մեթոդաբանության, և սա, իհարկե, աշխատում է: Մյուս կողմից՝ նման գործողությունները կարող են լինել ոչ միայն զգուշավորության, ծավալման դեպքում արդեն դիմադրելու անկարողության, այլ նաև հակառակի՝ ինքնավստահության դրսևորում:
Այսինքն՝ Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ ներկայումս իր դեմ կենսունակ ուժեր այլևս չկան, և պարզապես փորձում է թույլ չտալ ամենափոքր գլխացավանք անգամ, որը կարող է ինչ-որ անկայունություն առաջացնել և նյարդայնացնել: Ըստ որում, այստեղ հարկ է հաշվի առնել նաև, որ Սերժ Սարգսյանը «կանխարգելիչ» մարտավարության է անցել Հայաստանի ԵՏՄ-ացումից հետո: Այսինքն՝ Հայաստանի իշխանության առավել հանդուգն մարտավարությունը միանգամայն կարող է պայմանավորված լինել հենց այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանն իր իշխանությունն ապահովել է Եվրասիական Ռուսաստանի հովանավորությամբ:
Սա տեղի է ունեցել սոցիալ-տնտեսական և քաղաքական կորուստների հաշվին, սակայն Սարգսյանին այս կորուստները քիչ են հետաքրքրում՝ իշխանության խնդրի հետ համեմատած: Ասել կուզի՝ եթե Հայաստանի տնտեսական դաշտը լիուլի զգում է ԵՏՄ հետևանքները բուն անդամակցությունից արդեն երկու ամիս անց, ապա Հայաստանի ներքաղաքական դաշտն արդեն մի քանի ամիս է, ինչ զգում է ԵՏՄ անդամակցության հետևանքները: Ըստ որում, երկու դեպքում էլ՝ և տնտեսական, և քաղաքական, հետևանքները, կորուստները զգում են ըստ էության նրանք, ովքեր այս կամ այն կերպ, մեկը՝ ակտիվորեն, մյուսը՝ լռությամբ, երրորդը՝ խորամանկորեն, աջակցել են, չեն դիմադրել, չեն էլ փորձել դիմադրել այդ որոշման կայացմանը:









































