Բրիտանական The Guardian թերթը պատմել է Ղրիմում ֆինանսական ճգնաժամի մասին, որտեղ ապրանքների և ծառայությունների համար հնարավոր է վճարել միայն առձեռն կամ PRO100 համակարգի քարտերով: Պարբերականը հայտնում է, որ միջազգային վճարային համակարգերը և դրամական փոխանցումների համակարգերը գնացել են այդ շրջանից, իսկ ռուսական բանկերը չեն համարձակվում այնտեղ բիզնես սկսել: հոդվածում նաև նշվում է, որ նույնիսկ ռուսական բանկային քարտեր ունեցողները չեն կարող փոխանցումներ կատարել կամ միջոցներ հանել հաշվից Ղրիմում:
Թերակղզում ստեղծված իրավիճակը «ակնարկում է», թե ինչպիսին կդառնար կյանքն ամբողջ Ռուսաստանում, եթե արևմտյան պատժամիջոցներն ավելի խստանային, նշում է թերթը: Ղրիմցիների մեծ մասը պահպանում է դրական տրամադրվածությունը Ռուսաստանին թերակղզու բռնակցման հարցում, բայց նրանց կյանքն ավելի է բարդացել նրանից, թե այդ փաստն ինչպես է ընկալվում մնացած աշխարհի կողմից, քանի որ ուկրաինական բանկերը դադարեցրել են աշխատանքը Ղրիմում, իսկ ռուսական խոշոր բանկերն այնտեղ չեն գնացել հնարավոր միջազգային հետևանքների պատճառով, գրում է պարբերականը: Հոդվածում նշվում է, որ որպես հետևանք՝ թերակղզու բնակիչները բանկերի սահմանափակ ընտրություն ունեն:
Թերթը նաև մեջբերում է վերլուծաբանների խոսքը, որ ամբողջ Ռուսաստանում PRO100 համակարգը տարածելու ծրագրեր կան, բայց նախագծի իրագործումը դժվար թե արագ լինի, ինչի հույսն ունեն Ղրիմի իշխանությունները:
Բացի դրանից՝ հոդվածում նշվում է, որ «բանկային խառնաշփոթը» բարդացրել է ղրիմցիների մեծ մասի կյանքը: Պարբերականը, մասնասվորապես, հիշեցնում է, որ այդ շրջանում աշխատանքը դադարեցրել են Apple-ի և Google-ի շատ հավելվածներ:






































