Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Մեծ պահքին ընդառաջ՝ կաթոլիկներին հիշեցրել է հավատի ու գթասրտության անբաժանելի կապի մասին: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Վատիկանի ռադիոն:
«Իրեն մեծապես սահմանափակում է նա, ով հիմնական շեշտը դնում է հավատի գերիշխանության ու առաջնայնության վրա, սակայն միաժամանակ թերագնահատում ու գրեթե արհամարհում է գթասրտության կոնկրետ գործերը…»,- ընդգծում է նա իր վերջին ուղերձներից մեկում:
Պապի խոսքով՝ հավատն ու գթասրտությունը անբաժանելի արժեքներ են, այդ իսկ պատճառով միանգամայն սխալ է դրանք միմյանց հակադրել, ինչպես երբեմն փորձում են «գթասրտությունը» փոխարինել «համերաշխությամբ» կամ սովորական «բարեգործությամբ»:
«Հոգևոր առողջ կյանքի համար անհրաժեշտ է խուսափել ինչպես ֆիդեիզմից, այնպես էլ բարոյագիտական ակտիվությունից»,- հավելել է Բենեդիկտոս 16-րդը:
Մեծ պահքին նվիրված ուղերձի վերջում նա հիշեցնում է, որ հավատը առանց գործերի նույնն է, թե ծառը՝ առանց պտուղների:
Կաթոլիկների մոտ Պահքը կտևի մինչև մարտի 31-ը:









































