IFC-ն աջակցություն կցուցաբերի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների պահանջներին համապատասխան ֆինանսական գործիքների և ծառայությունների մշակման հարցում: IFC-ն նաև կօժանդակի ներդնել ռիսկերի գնահատման մեխանիզմներ, ինչը հնարավորություն կընձեռի մեծացնել բանկի կողմից փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկերի ծավալը:
«Աշխատատեղերի ստեղծման գործընթացում հիմնական խոչընդոտն է վարկավորման հասանելիության բացակայությունը. դա հատկապես վերաբերում է միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Մասնագիտացած լինելով փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող բանկային ծառայությունների ոլորտում` IFC-ին, բանկի հետ համագործակցության շնորհիվ, կնպաստի բանկի կողմից փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ծառայությունների բարելավմանը` օգնելով վերջիններիս վերաճել ավելի մեծ ձեռնարկությունների և ստեղծել հավելյալ աշխատատեղեր»,- ասաց IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:
IFC-իի լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ այս նախաձեռնությունը մաս է կազմում IFC-ի կողմից Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրականացվող բանկային խորհրդատվական ծրագրի, որի նպատակն է աջակցել տարածաշրջանի ֆինանսական հաստատություններին հաղթահարելու գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքները: Ծրագիրը նպաստում է ֆինանսական ոլորտում ռիսկերի կառավարման լավագույն փորձի ներդրմանը և աջակցում է փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ծառայությունների բարելավմանը: IFC-ն իրականացնում է տվյալ ծրագիրը համագործակցելով Ավստրիայի զարգացման
բանկի, Լյուքսեմբուրգի կառավարության և Շվեյցարիայի Տնտեսական հարաբերությունների պետական քարտուղարության հետ:











































