Նորվեգացի խորհրդարանականները ձեռնամուխ են եղել սովորական ռեժիմով աշխատանքին՝ չնայած ահաբեկչության վտանգի մասին հաղորդագրությանը, որի թիրախը կարող է դառնալ Ստորտինգի (խորհրդարան) շենքը:
Գիշերվանից ոստիկանությունը Օսլոյում իրականացնում է ենթադրյալ ահաբեկչի որոնման ու ձերբակալման օպերացիա: Անհանգստության առիթն այն էր, որ երեքշաբթի երեկոյան Հյոնեֆոսից մայրաքաղաք տանող ավտոբուսի ուղևորները լսել են ուղեկցի խոսակցության պատառիկներ՝ հայտնում է RIA Novosti-ն: Շուրջ 30 տարեկան տղամարդը սպառնալիքներ էր տեղում նորվեգացի քաղաքական գործիչների հասցեին:
Ոստիկանության տեղեկություններով՝ ավելի ուշ այդ մարդը տաքսիով ուղևորվել է մայրաքաղաքի հարավարևելյան հատված: Որոշ ականատեսների վկայությամբ՝ նրա հագին եղել է զրահաբաճկոն, իսկ ձեռքում՝ մեծ, ծանր պայուսակ:
Վաղ առավոտյան ոստիկանությունը տարհանել է այն շրջանի բնակիչներին, որտեղ, ինչպես ենթադրվում է, թաքնվում է կասկածյալը: Ձերբակալել են մի մարդու, ով ավելի ուշ պարզվել է՝ կասկածյալը չէ:
Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ստորտինգի շենքը ուժեղացված հսկողության տակ է, սակայն խորհրդարանականների առօրյան փոփոխությունների չի ենթարկվել:
Կառավարության ղեկավար Յենս Սթոլթենբերգը վստահեցրել է, որ ոստիկանները կկարողանան կատարել իրենց առջև դրված խնդիրները:









































