Թուրքիայում 800-ից ավել մտավորական իր աջակցությունն է հայտնել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այս քաղաքական ուժին աջակցողների թվում կան նաև հայ և հայամետ մտավորականներ:
Ինչպես հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը, ԺԴԿ-ին աջակցող նամակի տակ ստորագրել է 853 գրող, լրագրող, գիտնական: Ստորագրողների թվում են հայ լրագրող Հայկո Բաղդատը, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն, գրող, լրագրող Բասքըն Օրանը և այլոք:
Աջակցության նամակին տրվել է «Արթանանալու ժամանակն է» անվանումը: Այս կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին նախաձեռնության հեղինակները կարդացել են նամակի՝ թուրքերեն և քրդերեն տեքստը, ապա այն փոխանցել կուսակցության ղեկավարությանը:
Նամակի հեղինակները նշել են, որ աջակցում են «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը, որպեսզի «պահպանվի հավասարությունը, բռնությունից հեռու մնան, արգելքների փոխարեն ազատություն լինի, քուրդ ժողովրդի իրավունքները պաշտպանվեն, բոլոր դավանանքի և ազգությունների, այդ թվում՝ ալևիների և Փոքր Ասիայի բնիկ (հայեր, հույներ, ասորիներ-խմբ.) ժողովուրդների նկատմամբ շովինիզմին վերջ տրվի, փոխվի նույնասեռական անձանց նկատմամբ վերաբերմունքը, վերացվի կանանց դեմ բռնությունը» և այլն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 7-ին:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով Թուրքիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի քրդական կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Կարո Փայլանը։
Բացի Փայլանից, ԺԴԿ-ի ցուցակով Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրությունների համար պայքարելու դիմում են ներկայացրել (այսինքն՝ ունեն «թեկնածության թեկնածուի» կարգավիճակ) ևս վեց հայկական արմատներ ունեցող գործիչներ՝ Մուրաթ Մըհչըն, Ֆիլոր Ուլուքը, Դիրեն Ջևահիր Շենը, Ֆիքրի Չալըշի, Նվարդ Բաքըրջըօղլուի և Զաքարիա Սաբունջուն։
Հարկ է նշել, որ ազգությամբ հայ պատգամավորի «թեկնածության թեկնածուներ» կան նաև թուրքական մյուս երկու՝ իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունների ցուցակներում։









































