Ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման մասին միջազգային պայմանագրի քննարկումների ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե պայմանագիրը համապատասխանում է ՀՀ շահերին, և պետք է այն վավերացնել: ըստ նրա` աքսիոմատիկ ճշմարտություն է, որ պետությունների փոխհարաբերություններում կան «շահեր, շահեր և էլի շահեր»: «Բնականաբար, իդեալական կլինի որևէ պետության` այդ թվում Հայաստանի համար, որ որևէ պետության ռազմաբազաներ չլինեն: Օրինակ` ԱՄՆ-ում չկան թուրքական բազաներ, բայց ամերիկյան բազաներ կան Թուրքիայում: Իդեալական կլիներ, որ ՀՀ-ում այլ պետության բազաներ չլինեին, քանի որ այդ բազաները որոշակիորեն սահմանափակում են պետության սուվերենությունը: Բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն, վարելով բազմավեկտոր քաղաքականություն, չպիտի ռազմական դաշինք կնքի»,- նշեց Դալլաքյանը: Նա հավելեց, որ այդ պայմանագիրը ստորագրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, ու թեև նա համարվում էր արևմտամետ գործիչ, սակայն կարևորել է այդ համաձայնագիրը:









































