Ռադիոյի համաշխարհային օրը երիտասարդ տոն է, որն առաջին անգամ նշվել է 2012թ.: Այս մասին որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է 2011թ.: Օրը պատահական չի ընտրվել՝ հենց 1946թ. փետրվարի 13-ին առաջին անգամ եթեր դուրս եկավ «Ռադիո ՄԱԿ»-ը, որի կայանը գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ հաղորդում է Calend-ը:
Ինչպես համոզված են տոնի հիմնադիրները, այն պետք է նպաստի համագործակցությանը բոլոր նրանց միջև, ովքեր առնչություն ունեն ռադիոյի հետ՝ լինեն խոշորագույն հեռարձակող ընկերություններ, թե միայնակ սիրահարեր:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն բոլոր երկրներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել Ռադիոյի համաշխարհային օրվան:
Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում գտնվող շատ պետություններ կազմակերպում են տարբեր միջոցառումներ՝ ռադիոհեռարձակող ընկերությունների մասնակցությամբ:
Այս կարգի կապի երկրպագուները տոնում են նաև Ռադիոսիրահարների համաշխարհային օրը: Այն նշվում է ապրիլի 18-ին՝ հենց այս օրը Փարիզում հիմնվեց Ռադիոսիրահարների միջազգային միությունը, որը և հիմք դրեց տոնին:
Որոշ երկրներ Ռադիոյի օրը նշում են մայիսի 7-ին: 1895թ. այդ օրը ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը անցկացրեց ռադիոկապի առաջին սեանսը:








































