Անդրիաս Ղուկասյանի պայքարի շարունակությունը տեսնում ենք շարժման մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ Արմեն Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի քսանչորսերորդ օրն է։ Առավոտյան խոսել է նրա հետ, վիճակը նորմալ է, հիմա ավելի սահմանափակ է շփվելու լրագրողների հետ, քանի որ օրեցօր նրա էներգիան պակասում է: Նրա հավաստիացմամբ՝ հիվանդանոց տեղափոխվելու թեկնածուի որոշումը նույնն է. հիվանդանոց չի տեղափոխվելու, հացադուլը շարունակվելու է մինչև փետրվարի տասնինը, մինչև ընտրությունների ավարտը, եթե, իհարկե, լուրջ առողջական բարդություններ չառաջանան:
«Մենք ունենք բժիշկներ, ովքեր հետևում են, խորհուրդներ են տալիս։ Բացի պետության բժիշկներից, մեր բժիշկների հսկողության տակ է: Նրա վիճակը նորմալ են գնահատում՝ շեղումներ կան, սակայն իր կյանքին վտանգ չի սպառնում»,- հստակեցրեց նա:
Վերջինիս խոսքով՝ փետրվարի 18-ից հետո կամբողջացնեն տվյալները՝ հստակեցնելով պայքարի ռազմավարությունը: «Հիմա ռազմավարություն են քննարկում, պետք է ամբողջացնենք կոնտակտային լիստը, արձագանքները, կաշխատենք այդ մարդկանց հետ: Շատ կարևոր ենք համարում, որ շինծու ընտրությունների գաղափարը կարողացել ենք օրակարգում պահել, շարունակությունը տեսնում ենք շարժման տարբերակով։ Ռազմավարությունը քննարկվում է, ընտրություններից հետո կներկայացնենք հասարակությանը՝ ամբողջացնելով այս շրջանում կատարված քայլերը: Դժվար թե կուսակցություն ստեղծենք, այն սահմանափակելու է գործողությունները, սահմանափակելու է օրակարգը, իսկ այսպես հասարակության լայն շերտեր են ներգրավվում գործընթացում»,- պարզաբանեց Արմեն Գրիգորյանը:







































