Քիչ առաջ ԱԺ-ն ավարտեց Հավաքների ազատության մասին օրենքի նախագծի քննարկումը: Այն ներկայացնում էր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նախարարին հարցրեց, թե ինչ կարելի է անել, որ Հայաստանի ոստիկանությունն էլ լինի քաղաքակիրթ, ինչպես մյուս երկրներում: Նա նաև մտահոգություն հայտնեց` այդ փոփոխություններն արդյոք թույլ կտա՞ն, որ չկրկնվեն մարտի 1-երը:
Հրայր Թովմասյանը պատասխանեց, թե այժմ բարեփոխումներ են կատարվում ոստիկանության որակը բարձրացնելու համար, և հույս հայտնեց, որ այս բարեփոխումներն իրենց արդյունքները կտան: «Առաջիկայում եվրոպական երկրների օրինակով պիտի ունենանք այն ոստիկանությունը, որից ոչ թե վախենում են, որից ոչ թե փախչում են, այլ որն առաջին հերթին կոչված է պաշտպանելու մարդկանց իրավունքներն ու ազատությունները»,- ասաց նախարարը:
Ըստ Թովմասյանի` ոստիկանի համար պետք է հստակ լինի այն, որ լիազորությունները իրեն տրված չեն անձի իրավունքները սահմանափակելու կամ ոտնահարելու համար: Նա նաև նշեց, որ թեև օրենքով սա ամրագրված է արդեն, բայց մեզանում իրականում դրանից շատ են շեղվում:











































