ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայում Սերժ Սարգսյանի խորհրդական և նրա ընտրական շտաբներից մեկի պատասխանատու Ալիկ Սարգսյանի՝ նախագահական ընտրություններին ունեցած մասնակցության մասին վերջերս հակասական լուրեր են շրջանառվում: Մեկ խոսվում է, որ նախկին ոստիկանապետը նեղացած է իր պաշտոնանկության փաստից և մի կողմ է քաշվել ու նախկին ակտիվությամբ չի աշխատում, հաջորդ պահին էլ լուրեր են տարածվում, թե Սերգեյիչն այնուամենայնիվ ամեն ինչ անում է իրեն վստահված Արարատի մարզում Սերժ Սարգսյանի համար «աննախադեպ» հաղթանակ ապահովելու համար: Իրականում ինչո՞վ է զբաղված Ալիկ Սերգեյիչը, «Հրապարակը» զանգահարեց իրեն և փորձեց հենց նրանից ճշտել:
– Պարոն Սարգսյան, հակասական տեղեկություններ են Ձեր մասին տարածվում, վերջերս հատկապես խոսվում է, որ Դուք հայրենի մարզում պարբերաբար հավաքներ եք նախաձեռնում և կարծես թե Ձեր դիրքերի վերականգնման խնդիր ունեք ու փորձում եք… (հարցն անավարտ է մնում)
– Ոչ, ոչ, նման բան չկա: Նախագահը, երբ եկել էր Արտաշատ, միայն Արտաշատում եմ նրան ուղեկցել, նույնիսկ Մասիս, Արարատ, Վեդի չեմ գնացել: Միայն Արտաշատում, քանի որ իմ հայրենիքն է, այս տարածքում ապրել եմ, ապրում եմ, վերջը ութը տարի այստեղ մարզպետ եմ աշխատել, մնացած պաշտոններս չասեմ: Իսկ եթե երկրի ղեկավարը, իմ ղեկավարն է գալիս, ես բարոյական իրավունք ունեի, չէ՞, գնալ և անպայման մասնակցել այդ հանդիպմանը:
– Զարմանալի է, որ հարազատ մարզի մյուս քաղաքներում չեք ուղեկցել, ինչո՞ւ:
– Ես նախագահի խորհրդականն եմ, մյուս տեղերում քարոզարշավը բնականոն անցել է, գնայի Արարատ կամ Մասիս՝ անունն ի՞նչ դնեի: Այ, դա կլիներ զարմանալի, և կարող է հարցնեիք, թե դուք աշխատանքի եք եղել, ինչպե՞ս եք գնացել: Ժամը վեցին, աշխատանքից հետո նախագահը եկել է Արտաշատ, ես էլ կանգնել եմ հրապարակում՝ սովորական քաղաքացիների պես մասնակցել ու գնացել եմ: Դրա մեջ, կարծում եմ, ոչ մի զարմանալի բան չկա, ոչ մի խախտում չկա: Ես հայ մարդ եմ, այս երկրի քաղաքացին, կարո՞ղ եմ այս ամբողջ իրադարձություններից դուրս մնալ, և իմ որևիցե քայլն ինչի՞ է այդքան տարօրինակ թվում մարդկանց:
– Տարօրինակը գուցե այն է, որ նախկինում Դուք ընտրական գործընթացներին բավական ակտիվ էիք մասնակցում, իսկ գուցե Ձեր նկատմամբ այլևս նախկին վստահությունը չկա, դրա՞ համար եք մի կողմ քաշվել: Ես նկատի ունեմ հատկապես Սերժ Սարգսյանի՝ Ձեր հանդեպ վստահության կորստի մասին, չէ՞ որ ոստիկանապետ եղած ժամանակ Ձեզ կասկածեցին Սերժ Սարգսյանի դեմ ինչ–որ դավադրության մեջ:
– Ով որ պետք է, ինձ շատ լավ հավատում և շատ վստահում է: Իհարկե, կողքից մեկ-երկուսը կգտնվեն, որ… Կա՞ մի մարդ, որին բոլորն են հավատում ու բոլորն են համակրում, ես չգիտեմ նման մարդ, նման ղեկավար այս երկրում կա՞ ուրիշ: Իհարկե, աշխատանքային պրոցեսի ընթացքում ոմանք էլ կարող են ինձանից նեղացած լինեն մի քիչ, ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում: Այդ պաշտոնում եմ աշխատել, և գոնե մեկ-երկու մարդ նեղացած չլինե՞ն: Ութ անգամ բան են խնդրում, ուրեմն ութ անգամ էլ պետք է օգնեի՞, կարող է մի բան են խնդրում, և չես կարողանում օգնել, նշանակում է պետք է նեղանա՞ն:
– Իսկ Սերժ Սարգսյանի մասո՞վ, ես հատկապես նկատի ունեի, որ կարծես հենց նրա վստահության պակասն է զգացվում:
– Երբեք նախագահի վստահությունն իմ հանդեպ չի խաթարվել, նա հիմա էլ է ինձ վստահում և գիտի, որ իմ տեսակով դավաճան մարդ չեմ, թիմ, ճամբար փոխող չեմ, չգիտեմ, ո՞նց կարող է վստահություն չլինի: Ով այդպես է մտածում, ուրեմն դա իր ցանկությունն է ընդամենը, դա ինձ վերաբերող թեմա չէ: Նախագահն ինձ վստահում է, և այս տարիների ընթացքում ոչ մի անգամ նա չի տեսել անվստահելի մի քայլ, որը ես թույլ տված լինեմ: Նման բան երբեք չի եղել, ես միշտ հավատարիմ եմ ծառայել:
– Պարոն Սարգսյան, այդ դեպքում նման փոխվստահության առկայության պարագայում Դուք Ձեզ պարտավորված չե՞ք զգում նախագահական ընտրություններին ակտիվ մասնակցություն դրսևորել, թե՞ Ձեր հայրենի մարզում այլ առանցքային դեմքերի է վերապահված պատասխանատուի գործը:
– Ես իմ մասնակցության չափը տեսնում եմ, ես էլ ունեմ շրջապատ, բարեկամներ, ընկերներ, համակիրներ և այլն, և այլն: Բնականաբար, ես իմ կարծիքը շրջապատին էլ եմ հայտնում, հիմա էլ միանշանակ իմ կարծիքին եմ, սա էլ համարեք իմ քարոզարշավը:
– Իսկ պատասխանատվությունը թե հաղթանակի, թե պարտության, ձեր մարզում կիսելո՞ւ եք:
– Իմ պատասխանատվությունն այնքանով է, որ ես էլ արտաշատցի եմ, իհարկե, իմ մարզը, իմ տարածքն ինչքան լավ ընտրություն կատարի, ինչքան ճիշտ ընտրություն կատարի, դա իմ պատիվն էլ է: Ես չեմ ուզենա, որ իմ ժողովուրդը սխալ կողմնորոշվի, և չեմ էլ խորշում որևիցե մեկի հետ զրուցել, եթե իմ կարծիքն են ցանկանում լսել: Իմ կարծիքը նույնն է, ես փոփոխություն չունեմ, չեմ էլ ունենալու:
– Ի դեպ, Ձեր հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի հետ այս գործընթացին չե՞ն խանգարի: Կարծես այնքան էլ ջերմ հարաբերությունների մեջ չեք…
– Իմ հարաբերությունները Հովիկ Արգամիչի հետ երբեք վատ չեն եղել, դա ուղղակի խոսակցություններ են, ժողովրդի տպավորությունն է: Միշտ էլ նորմալ է եղել, հիմա էլ է նորմալ: Մենք հայրենակիցներ ենք, իրար հետ երկար տարիներ աշխատել ենք, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ կարող է լինել մեր մեջ, որ հարաբերություններ խախտի: Մենք կիսելու ոչինչ չունենք, բացի մարդկային ճիշտ հարաբերություններ պահելուց:
– Լավ, պարոն Սարգսյան, որպես գործող նախագահի (որը նաև նախագահի թեկնածու է) խորհրդական, ո՞նց եք գնահատում քարոզարշավը և հատկապես Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ընթացքում թույլ տված կիքսերը: Տպավորությունն այնպիսին է, որ նա ոչ խորհրդականներ ունի, ոչ էլ կամպանիա:
– PR թիմը նորմալ աշխատում է, ընտրությունների ամբողջ փուլը գնահատում եմ դրական, որ միշտ կրկնում ենք՝ թափանցիկ, ժողովրդավար և այլն, և այլն, իմ կարծիքով, սրանք հենց այդ ընտրություններն են: Որևիցե մեկի նկատմամբ ճնշում չկա, բռնություն չկա, ուղղակի աշխատում են ամեն ինչի մեջ մի բան գտնել, ասում են՝ պետական ապարատը, վարչական մարմինները և այլն, և այլն…Ես չեմ հասկանում, եթե մարդիկ աշխատում են, կոնկրետ իմ օրինակով, եթե ես նախագահի հետ երկար տարիներ աշխատում եմ, նրան ճանաչում եմ անձնապես, մի քանի անգամ նա իմ ղեկավարն է եղել, շաաատ լավ եմ ճանաչում, տարօրինակ չէ՞ր լինի, որ ես ուրիշ կողմնորոշում ունենայի և թեկնածուներից մեկ ուրիշին ձայնս տայի, արդյոք դուք չէի՞ք զարմանա որպես մարդ: Բնական է, ես ճանաչում եմ այդ մարդուն, գիտեմ ինչ հայ է, ինչ հայրենասեր, ինչ ճանապարհ է անցել, մեր երկիրն ինչ ճանապարհով կարող է տանել, ես մտածելու բան չունեմ, ես կողմնորոշված եմ, կողմնորոշված եղել եմ և դրա մեջ որևիցե բիծ ման գալ, որևիցե վատ բան դրա մեջ տեսնել, կարծում եմ՝ իմաստ չունի:
– Քարոզարշավի կիքսերին չանդրադարձաք:
– Գիտեք, մի այսպիսի բան կա, քարոզարշավը շատ նյարդային պրոցես է: Հազարավոր մարդկանց հետ է շփվում, ամեն օր ելույթներ, ամեն օր խոսակցություն, տարբեր պրովոկացիոն հարցեր, որի մեջ գրգռում են մարդուն, որ մի բառ ասի: Մեկ էլ մի խոսքը դնում են, սկսում են քննարկել, այդ բառի շուրջ ինչ-որ բաներ հյուսել՝ սա այս կնշանակի, էս մեկը՝ այն, եթե սա ասվեց, ապա նպատակը սա էր և այլն, և այլն… կարծում եմ, այդ շահարկումներն անիմաստ են: Մեր նախագահը շատ գիտուն մարդ է, իր գործը գիտի, գրագետ էլ է, իր մասնագիտությամբ լեզվին տիրապետում է, և նման խոսակցություններում ցանկացածի խոսքում էլ կարելի է մի բան գտնել և շահարկման առարկա դարձնել, որը, կարծում եմ, այս պահին պետք չի: Մարդը գործ է անում, հանդիպում է ժողովրդի հետ, իմաստը ո՞րն է՝ ամեն անգամ մեկը մեջ ընկնի, մի բան հարցնի, ու այդ պատասխանը, նույնիսկ շշուկով պատասխանը դարձնեն թերթերի քննարկման առարկա:
– Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի և հանցագործության բացահայտմանն ուղղված քայլերի մասին Ձեր մասնագիտական կարծիքն ինչպիսի՞ն է:
– Մասնագիտական կարծիք իմաստ չունի ասել, բայց ես արդեն ասել եմ, որ կամ անձնական միտումներով է, կամ՝ մնացածը քննությունը կպարզի, իմ համար երկու տարբերակն էլ անհայտ է: Ամեն դեպքում, փառք Աստծո, հանցագործությունը բացահայտվեց, մնացածը համապատասխան մարմինները հետագայում, կարծում եմ, ավելի մանրամասն կլուսաբանեն, ես հիմա կարծիք հայտնել, ճիշտն ասած, ճիշտ չեմ համարում:
– Իսկ տարօրինակ չե՞ք համարում, որ հանցագործության մոտիվի մասին համապատասխան մարմինները դեռևս ոչինչ չեն ասում:
– Նախաքննությունից ելնելով՝ շատ նորմալ է, որ ոչինչ չի ասվում, հետագայում, կարծում եմ, կմանրամասնվի ամենաբարձր աստիճանով, և այդ գործով որևիցե մեկի մոտ մութ տեղ չի մնա:









































