Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ռոման Զաքարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով Ռոմանին դատապարտել էր 6 ամիս ազատազրկման:
20-ամյա երիտասարդին դատարանը մեղավոր էր ճանաչել 14 տարեկան աղջկա հետ, վերջինիս համաձայնությամբ, սեռական հարաբերություն ունենալու համար:
Դեպքը տեղի էր ունեցել 2012 թվականի հոկտեմբերի 11-ին: Ըստ դատավճռի՝ երիտասարդները ծանոթացել էին հոկտեմբերի սկզբին իրենց բնակավայրում: Դեպքի օրը հանդիպել էին մանկապարտեզի մոտ, նստել վերանորոգման մեջ գտնվող շինության առաջին հարկի նստարանին և տրվել զգացմունքներին…
Ընդհանուր իրավասության դատարանում երիտասարդն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել: Գործը, նրա միջնորդությամբ, քննվել էր արագացված ընթացակարգով:
Մեղադրողը, որպես պատիժ, տուգանք էր միջնորդել, բայց դատարանը Ռոմանի հանցավոր արարքին առավել համաչափ էր համարել ազատազրկման ձևով պատժի նշանակումը:
Ռոման Զաքարյանը վերաքննիչ բողոք էր բերել դատավճռի դեմ՝ խնդրելով իրեն դատապարտել հոդվածի սանկցիայով նախատեսված ու ազատազրկման հետ չկապված պատժի՝ տուգանքի, կամ իր նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն:
Վերաքննիչ քրեական դատարանի նախորդ նիստի ժամանակ միջնակարգ կրթություն ունեցող Ռոման Զաքարյանը բավական գրագետ հիմնավորեց իր բողոքը, ապա և ցանկությունը՝ աղջկա հետ ձևակերպելու իր հարաբերությունները հենց որ վերջինս չափահաս դառնա, որպեսզի ինքը կարողանա հատուցել նրան պատճառած բարոյական վնասի ու տառապանքի համար:
Դատարանի հարցին Ռոմանը պատասխանեց, թե սիրում է աղջկան, վերջինս էլ, չնայած օրինական ներկայացուցչի՝ մոր կողքին էր, բայց հակառակ գնալով մոր դիրքորոշմանը, ասաց, թե չի առարկում Ռոմանի բողոքի դեմ, և ինքն էլ նրան է սիրում:
Երիտասարդների խոստովանությունը, ամբաստանյալի գրագետ խոսքը, մեղադրողի կարծիքը, որ չի առարկի, եթե ազատազրկման ձևով պատժի փոխարեն ամբաստանյալը տուգանքի դատապարտվի, ինչպես նաև տուժող աղջկա ու նրա մայրիկի դիրքորոշումների հակասությունը դատարանին հանգեցրին այն մտքին, թե հարկ է ժամանակ տալ երկու ընտանիքին, որ բանակցեն ու հաշտության եզրեր գտնեն՝ հանուն իրենց երեխաների:
Դատական նիստի ավարտից հետո արդեն տղայի մայրը փորձեր էր անում գրկել աղջկան, մտերմություն դրսևորել, այնպես որ՝ դատական նիստն ավարտվեց դրական սպասելիքներով:
Սակայն դատական երկրորդ նիստը դեռ չսկսված՝ պարզվեց, որ կողմերը լեզու չեն գտել միմյանց հետ: Հաշտության մասին արդեն, ըստ երևույթին, խոսք լինել չէր կարող:
Ի տարբերություն առաջին նիստի ժամանակ դրսևորած վերաբերմունքի, այս անգամ աղջիկը դեմ արտահայտվեց Ռոմանի բողոքին, ասաց, որ տեսակետը փոխել է ու չի ցանկանում հաշտվել:
Դեռահասական շփոթմունքը ու մեծական վճռականությունը, որ նրա վաղ հասունացած աչքերում նկատվել էին նախորդ նիստին, հիմա փոխարինվել էին… ատելությամբ:
Հնարավոր է՝ սիրո նրա պատկերացումը չէր համընկել այն առաջարկին, որ արել կամ չէր արել Ռոմանի ընտանիքը: Հնարավոր է՝ աղջկա ծնողների ակնկալիքը չէր արդարացել, ու նրանք ընտանիքով որոշել էին, թե Ռոմանը պիտի միմիայն ազատազրկման ձևով պատժվի գործած մեղքի համար:
«Հարգելիս»,- ատամների արանքից տասնհինգամյա աղջիկը դիմեց դատարանի դահլիճում գտնվող լրագրողին: Ասաց շատ մեծական շեշտադրումով ու ոչ պակաս ատելությամբ, որով նայում էր ամբաստանյալի տեղում նստած երիտասարդի ուղղությամբ:
Մայրերը պատրաստ էին իրար հետ վիճաբանության, միմյանց ինչ-ինչ մեղադրանքներ ներկայացնելուն ու մանր փաստարկներ բերելուն, սակայն Ռոմանը պահանջեց, որ մայրը չխոսի:
Աղջկա մայրը լրագրողին խեթեց. «Դուք ի՞նչ գիտեք, որ նրանք սիրում են իրար»: «Իրենք ասացին նախորդ նիստին»: «Իսկ հիմա իմ աղջիկը ուրիշ բան կասի»,- չգիտես թե ինչ ապացուցող տոնով և մեղավորի ճակատագիր որոշողի իր դիրքորոշումից միանգամայն գոհ՝ ասաց տուժողի մայրը:
Նրանք որոշել էին չներել: Դա իրենց իրավունքն էր:
Ներելու համար ավելի շատ ուժ է պետք, քան չներելու: Եվ սեփական արարքի համար միայն այլ մեղավոր գտնելն ու դատափետելն էլ ավելի հեշտ է, քան կատարվածի մեջ սեփական պատասխանատվությունը ևս գիտակցելու տառապանքը:
Տուժող աղջկա դիրքորոշման փոփոխությունը վճռորոշ եղավ:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ռոման Զաքարյանի բողոքը և վեցամսյա ազատազրկում սահմանած դատավճիռը թողեց ուժի մեջ:
Շատ բան տեսած վերաքննիչ դատարանին իր գրագիտությամբ զարմացրած տղան պիտի կարողանա առանց չարանալու կրել իր պատիժը, առավել ևս, որ ընդունում ու գիտակցում է մեղքը:
Այս մեղքն ու պատիժը համարելով իր առաջին «համալսարանը»՝ պիտի ջանք գործադրի ու կրթություն ստանա՝ իրական կրթություն իրական բուհում՝ իր երկրորդ համալսարանում: Նրա մտավոր ունակությունները դա, պիտի որ, թույլ տան: Հիմա ցմահ ազատազրկվածներ կան, որ չեն հուսահատվում ու սովորում են՝ իմաստավորելով սպասումն ու վառ պահելով ազատության հույսը: Նար-Դոսի «Ես և նա»-ն, օրինակ, կհուշի երիտասարդին, որ հաջողությունների ձգտի ոչ թե հակառակ ինչ-որ մեկի, այլ՝ հանուն առավել արժանապատիվ կյանքի:
Աղջիկը… Աստված նրա հետ… Միգուցե գա ժամանակը, և նա այնպես սիրի, որ կարողանա ներել: Բայց գուցեև սա էր այն մեծ զգացմունքը, որ շատ վաղաժամ հատել էր նրա ճամփան ու անէացել կենցաղային մանրախնդրության ճահճում:
Ամերիկյան «հեփի էնդ» չունեցավ այս պատմությունը: Հայկական «սե լա վի»-ն ավելի զորեղ դուրս եկավ:










































