«Իհարկե մտահոգիչ են ՄԻԵԴ-ի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված վճիռները, սակայն այդ մտահոգության արտահայտչաձևը չի կարող լինել վայրենի: Այսինքն՝ մենք չենք կարող առաջարկել մեխանիզմներ, որոնք քաղաքակիրթ երկրներում չի կիրառվում»,- այսօր ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի՝ ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նրա խոսքով՝ իրենք չեն կարող առաջարկել՝ ընդդեմ Հայաստանի կայացված վճիռներով սահմանված փոխհատուցումը գանձել ժամանակին այդ վճիռը կայացրած դատավորից: «Մենք չենք կարող առաջարկել ունեզրկել դատավորներին: Դրա արդյունքւոմ մենք կունենանք իրավիճակ, երբ որեւէ դատավոր չի ցանկանա գալ և աշխատել դատական համակարգում: Իսկ մենք չենք ուզում առանց դատական համակարգի երկիր ունենալ: Ինչքան էլ վատ լինի դատական համակարգը, դա շատ կարևոր է երկրի համար»,-հավելեց նախարարը: Այդ մեխանիզմը, նախարարի խոսքով, չկա ոչ մի եվրոպական երկրում: «Ի վերջո, առաջարկում եմ այս թեման մեկընդմիշտ փակել»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը իպատասխան, թե այդ դեպքում ի՞նչ այլ մեխանիզմներ են պետք, նախարարը նկատեց. «Այլ մեխանիզմը հետևյալն է, որ մենք պետք է կարողանանք դատական համակարգը բերել այնպիսի վիճակի, որպեսզի դատական սխալների հավանականությունը, մարդու իրավունքների խախտումները շատ քիչ լինեն: Ուրիշ ձև չկա»,- ասաց նախարար:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին առաջիկա համաներման մասին, որին Մանուկյանը, սակայն, հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ համաներում հայտարարելը բացառապես երկրի նախագահի իրավասությունն է:
Չորս ՔԿՀ պետերի փոփոխությանը վերաբերող մեր հաջորդ հարցին էլ նախարարը պատասխանեց, որ կադրային այդ փոփոխությունները պայմանավորված են բացառապես օրենքի պահանջով, որը սահմանում է ժամկետ, և այդ ժամկետը լրանալուց հետո պետք է ռոտացիա տեղի ունենա, և անձը տեղափոխվի այլ պաշտոնի: «Փոփոխությունները զուտ այդ հանգամանքով են պայմանավորված»,- ասաց նախարարը:
Սահմանադրական բարեփոխումների, «Արմավիր» ՔԿՀ-ի և այլ հարցերի շուրջ նախարարի պատասխանները առավել մանրամասն՝ տեսանյութում:










































