Պարսից ծոցում՝ Իրանի ափերի մոտ, նավթահորատող հարթակը ջրասույզ է եղել: 1.300 տոննա կշռող իրանական նավթահորատող հարթակի (40 մլն դոլար) խորտակման պատճառները դեռևս հայտնի չեն:
ISNA գործակալության փոխանցմամբ՝ փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն:
Հարթակի վրա գտնվող տասնյակ աշխատակիցներ նետվել են ջուրը: Նրանց տեսանկարահանել են քիչ հեռու գտնվող հարթակի վրա աշխատող գործընկերները: Միջադեպը տեղի է ունեցել հաշված վայրկյանների ընթացքում. հորատող հարթակը ջրի տակ է անցել ընդամենը 20 վայրկյանում:
Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն այդ մասին հայտնի է դառնում այսօր: Իրանի ազգային նավթագազային ընկերության՝ NIOC-ի ներկայացուցիչները հաղորդել են, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:







































