Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, որը երեկ հայտարարել է փետրվարի 28-ին Սուրբ գահից հեռանալու մասին, մոտ երեք ամիս առաջ ենթարկվել է սրտի վիրահատության Հռոմի Պիոս 11-րդի կլինիկայում՝ գրում է իտալական գործարար շրջանակների il Sole 24 Ore թերթը:
Հեղինակավոր պարբերականի գլխավոր խմբագրի տեղեկություններով՝ կարդիոստիմուլյատորը փոխելու վիրահատությունն անցել է բավական հաջող ու չի հանգեցրել բարդությունների:
Վիրահատությունը կատարել է իտալացի հայտնի վիրաբույժ Լուիջի Կյարիելոն, որը շուրջ 10 տարի առաջ տեղադրել էր Հռոմի պապի կարդիոստիմուլյատորը:
Անձամբ Կյարիելոն կտրականապես հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը:
Ինչպես նշում է il Sole 24 Ore-ն, վիրահատությունը անցել է խիստ գաղտնի պայմաններում:
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Սուրբ գահի ներկայացուցիչները երբեք դրա մասին չեն հայտնել: Նախորդ պապին՝ Հովհաննես-Պողոս 2-րդին, բազմիցս հոսպիտալացրել են, կատարել տարբեր վիրահատական միջամտություններ, որոնց մասին ժամանակին հայտարարել են Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչները:
Իտալական թերթի փոխանցմամբ՝ ոչ վիրահատությունից առաջ, ոչ հետո Բենեդիկտոս 16-րդը չի ունեցել հոգնած տեսք, ավելին՝ նա հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո անցկացրել է իր ավանդական կիրակնօրյա հանդիպումը հավատացյալների հետ:







































