Thatgamecompany ստուդիայի Journey խաղը դարձել է Կինո և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի (BAFTA) խաղային մրցանակի հիմնական հավակնորդը: Այս մասին հայտնում է MCV պորտալը: Խաղը հավակնում է մրցանակի ութ անվանակարգերում, այդ թվում՝ «Տարվա լավագույն խաղ» անվանակարգում: Այն մրցանակի է հավակնում նաև խաղային դիզայնի, օրիգինալ սաունդթրեքի և այլ նվաճումների համար:
«Տարվա խաղ» կոչմանն են հավակնում նաև Far Cry 3, Dishonored, Mass Effect 3, FIFA 13 և The Walking Dead խաղերը: Վերջինս BAFTA-ի երկրորդ հիմնական հավակնորդն է: Այն առաջադրված է 7 անվանակարգերում: 6 անվանակարգերում էլ ներկայացված է Far Cry 3-ը:
Խաղային մրցանակը կշնորհվի Լոնդոնում՝ մարտի 5-ին: Միջոցառումը կվարի իռլանդացի կատակերգու Դարա Օ՝Բրիենը:
Անապատային զբոսաշրջության մասին Journey-ը թողարկվել է 2012-ին՝ PS3 խաղային ապարատների համար, և շուտով կարող է ռեկորդ սահմանել՝ դառնալով ամենաշատ ներբեռնված խաղը PSN ծառայությունում:







































