Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգում «Հայերի բռնագաղթ-100-րդ տարում իրականություններ» վերտառությամբ համաժողով է անցկացվել, որն ընթացել է խիստ ժխտողականության պայմաններում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Համաժողովն անց է կացվել Կարսի Արփաչայ շրջանում: Այն կազմակերպել են Արփաչայի տեղական իշխանությունները: Համաժողովին մանսակցել են տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ: Համաժողովին ներկա են եղել Կարսի «Կովկաս» համալսարանի դասախոսներ Սելչուք Ուրալը, Յաշար Քոփը, Նեբահաթ Ասլանը, Գյոքայ Դուրմուշը և ուրիշներ:
Համաժողովի ընթացքում մասնակիցները հերքել են Հայոց ցեղասպանության փաստը, հանդես եկել ժխտողականության դիրքերից, հայերին մեղադրել «թուրքերի կոտորածների» համար:
Նշենք, որ 2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում: Թուրքիան տպում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական և միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ: Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը: Բացի դրանից՝ աշխարհի տարբեր երկրներում բնակվող թուրքերը նաև Անկարայի միջամտությամբ կազմակերպում են հակահայ ակցիաներ, միջոցառումներ:











































