Եգիպտական Ալ-Մանսուրա քաղաքում ցուցարարները, որպես բողոքի նշան ընդդեմ ներկայիս իշխանությունների քաղաքականության, եգիպտացի հայտնի երգչուհի, արաբական երաժշտության լեգենդ Ում Կուլսումի հուշարձանին նիկաբ են հագցրել,- հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները: Նիկաբը իսլամական գլխանոց է, որն ամբողջությամբ փակում է կնոջ դեմքը, բացառությամբ աչքերի:
Հայտնի երգչուհու հուշարձանը գտնվում է քաղաքի կենտրոնի հրապարակում: Հեղափոխության հրապարակում, որն իր անվանումն ստացել է Եգիպտոսում երկամյա վաղեմության իրադարձությունների պատվին, այս գիշեր հավաքվել են հարյուրավոր մարդիկ՝ նշելու Եգիպտոսի նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքի՝ իշխանությունից հեռանալու տարեդարձը:
Ցուցարարները գոչել են «Ո՛չ ներկայիս նահագահ Մուհամմեդ Մուրսիի իշխանությանը, ո՛չ «Մուսուլման եղբայրներ» շարժմանը» ու արձանին հագցրել նիկաբ, որը կրում են այն մուսուլմանուհիները, որոնց ընտանիքներում հետևում են իսլամի պահպանողականն կանոններին:






































