Սուրբ գահը լքելու Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի որոշումն անակնկալ է բոլորի համար: Իտալական Corriere della Sera-ն հայտնում է, որ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականին կարող էին սպասել միայն ուրբաթ օրը նրա դասախոսությանը ներկա սեմինարիստները,- փոխանցում է vesti.ru-ն:
Պապի հրաժարականին պատրաստ է եղել նաև նրա եղբայր Գեորգը. Բենեդիկտոսը նախօրոք զանգահարել է նրան ու պատմել, որ պատրաստվում է հեռանալ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է. «Երբ Յոզեֆ Ռատցինգերն ընտրվեց կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, մենք հպարտ էինք, որ նա մեր հայրենակիցն է՝ առաջինը շատ դարերի ընթացքում: Մենք նրան երջանկություն ու հաջողություններ էինք մաղթում այդ դժվար ճանապարհին:
Եթե հիմա, խոր մտորումներից հետո նա եզրակացրել է, որ բավարար ուժեղ չէ իր պարտականությունները լիովին կատարելու համար, ես այս որոշմանը խորագույն հարգանքով եմ վերաբերվում: Եվ հիշում եմ նրա առաջին խոսքերը, որոնցով նա՝ որպես Հռոմի պապ, դիմեց ժողովրդին. «Ես պարզապես սովորական աշխատավոր եմ Աստծո խաղողի այգում»: Սա խոսում է նրա համեստության մասին: Նա, իհարկե, սովորական աշխատավոր չէր, նա ավելի քան 1 մլրդ մարդու հովիվն էր»,- ասել է նա:
Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պապին շնորհակալություն է հայտնել Բրիտանիայի նկատմամբ բարի վերաբերմունքի համար. «Կարծում եմ՝ այստեղ բոլորը, ինչպես և ես, պապին կցանկանան ամենալավ բաները նրա վերջին հայտարարությունից հետո: Նա շատ բան է արել Թագավորության և Սուրբ Գահի հարաբերությունների լավացման համար: Հույս ունեմ՝ նրա ձայնը կշարունակի հնչել և ոգեշնչել միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում»:
Բրազիլիային պապի հեռանալու նորությունը տխրեցրել է: Ռիո դե Ժանեյրոյի արքեպիոսկոպոս Օրանի Ժուան Տեմպեստն ասել է. «Իմ կարծիքով՝ հիմա եկեղեցին նշան է ուղարկում ամբողջ աշխարհին ու հանրությանը: Մեր կողմից մենք՝ բրազիլացիներս, միշտ շնորհակալ կլինենք Բենեդիկտոս XVI պապին»:
Հիմա բոլորը գուշակում են, թե ով կհաջորդի պապին: Երկու անուն է ամենից հաճախ կրկնվում ու շրջանառվում՝ եպիսկոպոսների գործերով Կոնգրեգացիայի պրեֆեկտ, Քվեբեկի արքեպիսկոսպոս Մարկ Ուելլեյի և Միլանի արքեպիսկոպոս և Վենետիկի պատրիարք Անջելո Սկոլայի անունները:











































