ՆԱՏՕ-ի օդուժի ռմբակոծությունները թույլ են տվել հակակառավարական ուժերին հետ մղել Քադաֆիին հավատարիմ ուժերին Աջդաբիա քաղաքից: Վերջիններս հիմա գտնվում են այդ քաղաքից 60 կմ հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը` հղում անելով ապստամբների ներկայացուցիչ Խամիդ Խասիին:
ՆԱՏՕ-ի ինքնաթիռներին հաջողվել է հրթիռակոծել Քադաֆիի զորքերը Աջդաբիայի մատույցներում` վերացնելով 11 հրասայլ, ինչի արդյունքում դադարել է Աջդաբիայի ռմբակոծությունը: Հիշեցնենք, որ Աջդաբիան գտնվում է ընդդիմության կենտրոն Բենղազիից 140 կմ հեռավորության վրա. «Եթե Քադաֆիի զորքերը վերցրին Աջդաբիան, նրանց առաջ կբացվի ճանապարհ դեպի Բենղազի, իսկ մենք չենք կարող մեզ անվտանգ զգալ, քանի որ նա (Քադաֆին – 1in.am) հնարավորություն կունենա շարժվել դեպի արևելք»,- նշել է Խասին:
Հիշեցնենք նաև, որ այս ժամերին Աֆրիկյան միության միջնորդությամբ քննարկվում է ռազմական գործողությունների դադարեցման և բանակցություններ սկսելու հարցը:









































