«Սիրիայի և Շամի իսլամական պետություն» (ԴԱԻՇ) ահաբեկչական խմբավորման զինյալները դաժան հաշվեհարդար են տեսել Սիրիայի Համա մարզի ալ-Մաբուջա գյուղի մի քանի տասնյակ բնակիչների հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնը:
Ըստ այդ տեղեկության՝ ծայրահեղականները գրոհ են կազմակերպել գյուղի վրա, սակայն լուրջ հակահարված են ստացել տեղի բնակիչների կողմից, երկու ահաբեկիչ սպանվել է: Սակայն, ի վերջո, նրանց հաջողվել է կոտրել բնակիչների դիմադրությունը: Մտնելով ալ-Մաբուջա՝ ԴԱԻՇ-ի գրոհայինները այրել են գյուղը, բնակիչների աչքի առաջ գնդակահարել ու գլխատել մի քանի ընտանիքների, այդ թվում կանանց ու երեխաների: Ըստ իրավապաշտպանների տեղեկությունների՝ այդ վայրենությունների զոհ է դարձել առնվազն 30 մարդ:
Ալ-Մաբուջայի բնակիչների ճնշող մեծամասնությունը գյուղը լքել էր դեռ մարտերը սկսվելու առաջին օրերին՝ փրկվելով հնարավոր ճնշումներից:









































