ԱՄՆ-ը աջակցում է Մերձավոր Արևելքում սպառնալիքների դիմակայելու համար միավորված զինված ուժեր ստեղծելու արաբական երկրների ծրագրին: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը:
«Եթե նրանք ուզում են ավելին անել այդ ուղղությամբ, տվյալ դեպքում՝ Եմենում իրավիճակի հետ կապված, ապա դա լավ է, քանի որ դա նրանց տարածաշրջանն է»,- լրագրողներին ասել է Քարթերը: Նրա խոսքով՝ «Մերձավոր Արևելքում կայունության ապահովման համար քայլեր ձեռնարկելն ու կողմերի պատրաստակամությունը դրական պահ է»:
Reuters-ը հայտնում է, որ միավորված զինված ուժերի ստեղծմանը մասնակցելու պատրաստակամություն է «հայտնել առնվազն 2 երկիր»: Այդ հարցում համագործակցելու ԱՄՆ-ի մտադրությունների մասին հարցին ի պատասխան Քարթերը նշել է, որ շատ պետություններ արդեն համապատասխան երկկողմ համաձայնություններ ունեն ԱՄՆ-ի հետ: «Նրանք մեր դաշնակիցներն են անվտանգության ապահովման ոլորտում: Եվ երբ նրանք այնպես են գործում, որ դա համապատասխանում է մեր շահերին, մենք կշարունակենք նրանց հետ համագործակցությունը, ինչպես դա անում ենք այլ ուղղություններով»,- նշել է Քարթերը:











































