ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ օտարերկրյա ռազմական միջամտությունը Սիրիայի հակամարտությանը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: «Իմ համոզմունքն այն է, որ ցանկացած օտարերկրյա ռազմական միջամտություն կունենա անկանխատեսելի հետևանքներ, քանի որ սիրիական հասարակությունը բավականին բարդ է՝ թե՛ քաղաքական, թե՛ էթնիկ, թե՛ կրոնական և թե՛ տարածաշրջանային առումով»,- հայտարարել է Ռասմուսենը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ Սիրիայի հակամարտությանը ռազմական միջամտությունը կարող է հանգեցնել ոչ թե նրա լուծմանը, այլև իրավիճակի վատթարացմանը: Ռասմուսենը նաև նշել է, որ Սիրիայի` Թուրքիայի վրա հարձակման պարագայում, իրադրությունն այլ կլինի, և ՆԱՏՕ-ն այդ դեպքում Սիրիայի նկատմամբ համարժեք քայլեր կձեռնարկի:
Անկարան անցյալ տարի նոյեմբերի երկրորդ կեսին դիմել էր ՆԱՏՕ-ին՝ Patriot հակահրթիռային համակարգերի տեղակայման խնդրանքով` Սիրիայի հնարավոր օդային հարվածներից պաշտպանվելու համար: ՆԱՏՕ-ն դեկտեմբերի 4-ին համակարգերի տեղակայման մասին որոշում էր կայացրել:







































