Google-ի «խելացի» ավտոմեքենաները, որոնք կարող են ինքնուրույն՝ առանց վարորդի երթևեկել ճանապարհով, հավանաբար վաճառքում կհայտնվեն 3-5 տարի հետո: Այս մասին Վաշինգտոնում տեղի ունեցած Society for Automotive Engineers (SAE) համաժողովում հայտարարել է նախագծի ղեկավար Էնթոնի Լևանդովսկին:
«Չեմ կարող խոստանալ որ «Գուգլոմոբիլը» ձեր ավտոտնակում կհայտնվի հաջորդ տարի: Մենք մատադիր ենք տեխնոլոգիան գործարկել հաջորդ 5 տարում: Թե ինչ տեսք այն կունենա, դեռ պետք է որոշել»,- նկատել է նա:
Ընդ որում՝ նրա կանխատեսումն անվանում են չափազանց լավատեսական: Ինչպես գրում է ExtremeTech-ը, Google ավտոմեքենաները հասարակական վայրերում կհայտնվեն 2020 թ. ոչ շուտ:
«Գուգլոմոբիլի» մուտքը լայն մայրուղիներ առաջին հերթին կարող է դժվարանալ այն պատճառով, որ դեռ ԱՄՆ իշխանությունների կողմից թույլտվություն պետք է ստացվի։
Ներկայում Google-ի պիլոտային նախագծի շրջանակներում միայն որոշ նահանգներ են թույլ տալիս մեքենաներին երթևեկել որոշակի ու խիստ հսկվող հատվածներում:
Բացի այդ՝ ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պետք է համոզվի, որ «Գուգլոմոբիլներն» անվտանգ են մարդկանց համար, ու դա նույնպես ժամանակ կպահանջի:
Google-ն ինքնաղեկավարվող մեքենաներ թեստավորում է վերջին մի քանի տարում:
2011 թ. Google-ը ստացել է «խելացի» ավտոմեքենաների պատենտը:











































